Հետևեք մեզ։

«Հայաստան» դաշինքը քարոզարշավ է անցկացրել Արթիկում և Երևանում

23:34, 13 մայիս 2026
«Հայաստան» դաշինքը քարոզարշավ է անցկացրել Արթիկում և Երևանում

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 13-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն այցելել են Շիրակի մարզի Արթիկ քաղաք, շրջել, հանդիպել իրենց աջակիցներին՝ խոսելով անելիքներից ու երկրի ապագայից։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արթիկում ելույթներ են ունեցել դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև՝ Իշխան Սաղաթելյանը, Քրիստինե Վարդանյանը և այլք։

 

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին՝ Քոչարյանն նշել է, թե հետևում է ՌԴ ազդեցիկ պաշտոնյաների ելույթներին։ «Եթե տեսնեք, թե ինչ ելույթներ են ունենում այդ ազդեցիկ պաշտոնյաները, ինչպես են գնահատում իրավիճակը, կհասկանք, որ դա լավ տեղ չի տանում։ Ըստ իս՝ մենք բավականին լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Հետևում եմ այդ ամենին, լավ եմ ճանաչում այդ երկիրը. կհամբերեն, կհամբերեն, հետո այնպես կանեն, որ քիչ չի թվա»,-ասել է Քոչարյանը։

 

Իշխան Սաղաթելյանն էլ նշել է, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները հերթական կամ ընթացիկ չեն։ «Սա մեր երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություն է»,-ասել է նա։

 

Հանդիպմանը ներկա են եղել ինչպես մեծահասակներ, այնպես էլ երեխաներ։ Նրանցից մեկը բանաստեղծություն է արտասանել և խոստովանել, որ ցանկանում է ապրել հզոր Հայաստանում։ Քոչարյանն էլ նշել է, թե այս սերունդն ավելի համարձակ է, քան իրենց սերունդը։ 

 

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներից շատերն էլ Լևոն Քոչարյանի, Աննա Գրիգորյանի գլխավորությամբ քարոզարշավ են իրականացրել Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Փողոցներում շրջելով՝ նրանք թռուցիկներ են բաժանել բնակիչներին, ծանոթացել կանգառների, աշխատավարձերի, Երևանյան լճի, ջրի հետ կապված և այլ խնդիրների։

 

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

 

«Հայաստան» դաշինքն առաջադրել է պատգամավորի 213 թեկնածություն։ Դաշինքի կազմում խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն, «ԱռԱջ» կուսակցությունը, որի նախագահ Սևակ Խաչատրյանը 2025-ին Վաղարշապատի ընտրություններին մասնակցում էր «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի կազմում։ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` «Հայաստան» դաշինքը ստացել էր ընդհանուր ձայների 21.09 տոկոսը՝ ունենալով 29 մանդատ, որից մեկը ասորական համայնքի ներկայացուցիչ է։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները