Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն աշխարհաքաղաքական համատեքստ չունեն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է Հայաստանում կայանալիք ընտրություններին արտաքին միջամտության փորձեր և արդյոք նման միջամտության մաս է համարում այն, որ ՌԴ-ում տարբեր կուսակցությունների ղեկավարներ հայտարարում են, որ ՌԴ-ն չպետք է ճանաչի ընտրությունների արդյունքները, եթե գործող իշխանությունները վերընտրվեն։
«Ե՛վ քաղաքական գործընթացի մասնակից ուժեր, և՛ մեկնաբաններ, և Հայաստանից դուրս գտնվող ուժեր այս ընտրություններում աշխարհաքաղաքական ենթատեքստ են տեսնում: Աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ չունեն այս ընտրությունները, չեն էլ կարող ունենալ՝ մի պարզ տրամաբանութամբ․ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորման և բալանսավորված քաղաքականություն: Մեր քաղաքականությունների մեջ ոչ մի դավադրություն, ընդդեմ գործողություն չկա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ պետք է ունենան այլընտրանք:
«Կա՛ Եվրոպական միություն, կա Եվրասիական տնտեսական միություն, մեր ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե որ ռազմավարությունն է իր համար ամենահեռանկարայինն ու ձեռնտուն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: