Գյումրու ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավարը գրում է.
«Հարցս հռետորական է, բայց այնուամենայնիվ տալու եմ։
28․06․2023թ․ Գյումրու ավագանու հերթական նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել էին Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք անշարժ գույքերն աճուրդով օտարելու նախագծեր։ Նշված անշարժ գույքերի մի մասը կիսակառույցներ են, մի մասն էլ՝ վթարային և վերականգնման կարիք ունեցող շինություներ։ Ըստ այդմ, անհրաժեշտություն էր առաջացել գնահատել նշված գույքերը՝ աճուրդի մեկնարկային գին սահմանաելու համար, ինչը և կատարվել էր։ Նշեմ նաև, որ գնահատող կազմակերպության նշած գինը պարտադրող չէ համայնքապետարանի համար և համայնքապետարանը կարող է մեկնարկային գինը սահմանել ավելի բարձր՝ քան նշված է գնահատման ակտում, որը և կիրառվել էր քննարկվող անշարժ գույքերի պարագայում՝ բացառությամբ մեկի, որը ներկայացված գույքերից առավել քան հետաքրքրություն կարող է առաջացնել գնորդի մոտ, քանի որ գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում՝ Վարդանանց հրապարակից և Սուրբ Յոթ Վերք եկեղեցուց 100-150 մետր հեռավորության վրա։ Խոսքս առավել հասկանալի լինելու համար ներկայացնեմ օրինակներով՝ մի դեպքում, երբ անշարժ գույքը գնահատվել է 60 միլիոն դրամ,աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 200 միլիոն դրամ՝ այսինքն, համայնքը գնահատված գնի նկատմամբ գույքի արժեքը ավելացրել է 233% ով։
Մեկ այլ դեպքում` անշարժ գույքը գնահատվել է 31 միլիոն դրամ, աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 100 միլիոն դրամ՝ այսինքն համայնքը գնահատված գնի նկատմամբ գույքի արժեքը ավելացրել է 222% ով։
Երրորդ դեպքում անշարժ գույքը գնահատվել է 3,2 միլիոն դրամ, աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 5 միլիոն դրամ, այսինքն` համայնքը գնահատված գնի նկատմամբ գույքի արժեքը ավելացրել է 56% ով։
Չորրորդ դեպքում` անշարժ գույքը գնահատվել է 50 միլիոն դրամ, աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 100 միլիոն դրամ՝ այսինքն համայնքը գնահատված գնի նկատմամբ գույքի արժեքը ավելացրել է 100% ով, իսկ հինգերորդ դեպքերում գնահատվել է 22,5 միլիոն դրամ, աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 25 միլիոն դրամ, այսինքն` գնի նկատմամբ գույքի արժեքը ավելացրել է 10% ով։ Նման մոտեցում չի կիրառվել միայն իմ նշած մի դեպքում՝ գնահատվել է 125 միլիոն, մեկնարկային գին է սահմանվել 125 միլիոն։
Հիմա ինձ հուզող հարցը, որի պատասխանը ստանալու համար դիմել եմ նաև համայնքի ղեկավարին, բայց ձեր կարծիքը նույնպես հետաքրքիր է. այդ ինչպե՞ս է ստացվում, որ 37քմ ավերված կիսանկուղի(1-ին նկար) պարագայում կարելի է գնահատված գնի նկատմամբ գույքի արժեքը ավելացնել 56% ով, և ապահովել համայնքի բյուջեի ավելի մեծ մուտքեր (որը գովելի է), իսկ 434քմ մակերեսով շենքի (2-րդ նկար) պարագայում զրո տոկոսով և անտեսել համայնքի բյուջեի մուտքերը ավելացնելու՝ իրենց իսկ համանման հանգամանքների նկատմամբ կիրառած մոտեցումը։
Երևի տղերքը վրիպել են (էս անգամ «տեխնիկական սխալը» օգնության չի կարող հասնել) կամ զբաղված են եղել եկեղեցիների, հանրապետական նշանակության հուշարձան շենքերի և արձանների շուրջ «կոֆեի ապարատ» տեղադրելու թույտվություններ տալու խիստ կարևոր և պատվաբեր գործով ու էլի վրիպել են, կամ գուցե՝ ով գիտի։
Հ․Գ․ 1
Նշեմ նաև, որ քննարկվող շենքը ինը տարի առաջ՝ 30 տարով, անհատույց՝ իհարկե ներդրումներ կատարելու պայմանով, տրվել է մի ընկերության, որը իր պարտավորությունների 10 տոկոսն էլ չի կատարել (նշված տոկոսը ունի հստակեցման կարիք, քանի որ համայնքը դեռ հանձնում -ընդունում չի կատարել, բայց շտապում է շենքը օտարել)։
Հ․Գ․ 2
Ավագանու նիստի ժամանակ` հաշվի առնելով ներկայացված նախագծի թերի լինելը, ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջարկվեց նախագիծը հանել օրակարգից՝ լրացուցիչ քննարկել և ներկայացնել փաստարկված հիմնավորումներ, սակայն մեր գործընկերները ականջալուր չեղան ներկայացված փաստերին և հորդորներին, և ինչպես միշտ գործեց «մենք թվաքանակով շատ ենք» սկզբունքը»։