ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարությանն առ այն, որ Ալեն Սիմոնյանն իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ չի կապվել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ՝ նշելով, որ շրջափակումից հետո ինքը և Թովմասյանը մեկ անգամ չէ, որ շփվել են, բազմիցս զրուցել։
ՀՀ ԱԺ նախագահը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյան հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել:
Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահը մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար:
Այդպես էլ չզանգեցին:
Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»: