2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 27 հաղորդում, որից 12-ը հանցագործությունների մասին է:
Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 11-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման 2 դեպք։
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 6 դեպքերը, ինչպես նաև խարդախության և անձնական ունեցվածքի գողության մեկական դեպքեր: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
Յոթ օրվա ընթացքում ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել է քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ:
Հունիսի 28-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչը Մարտունի քաղաքի վարչական տարածքի 64 հեկտար կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։ Նույն օրը մեկ այլ հաղորդում է ստացվել Գիշի գյուղի բնակչից: Վերջինս, Ճարտար քաղաքի վարչական տարածքի Ղուրուսու կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 4 արձանագրություն. Տեղի է ունեցել ՃՏ 1 պատահար՝ մարմնական վնասով: Պատահարներից 1 անձ դիմել է բուժհաստատություն։ Մեկ վարորդ եղել է անսթափ վիճակում:
ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք, վերահսկելով հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոնը: