Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարվանից կուսուցանվի «Արցախի պատմություն» առարկան, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը՝ ընդգծելով՝ Արցախի պատմության ծրագիրը կազմվում է այն տրամաբանությամբ, որ ժամանակագրական առումով փոխլրացնելով Հայոց պատմությունը, այդ համատեքստում տեղայնացվեն Արցախին վերաբերող իրադարձությունները:
«Նախատեսվում է, որ առաջին փուլում այն կուսուցանվի միայն 8-9-րդ դասարաններում, սակայն հետագայում այն կներառվի նաև այլ դասարանների ուսումնական ծրագրում»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ Արցախի պատմությունը հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն է, սակայն գաղափարի նպատակն է, որ արցախցի աշակերտներն ավելի լավ սերտեն իրենց երկրամասում տեղի ունեցած պատմական իրադարձությունները: