Հետևեք մեզ։

Քարոզչություն՝ «լրատվության» անվան տակ․ իշխանամետ էջերը «Ֆեյսբուքում». Hetq.am

13:04, 05 հունիս 2026
Քարոզչություն՝ «լրատվության» անվան տակ․ իշխանամետ էջերը «Ֆեյսբուքում». Hetq.am

Ընտրություններին ընդառաջ ֆեյսբուքյան տասնյակ էջեր սկսել են ակտիվորեն հրապարակել իշխանությանն աջակցող նյութեր։ Այս էջերից շատերը նախկինում ունեցել են ամբողջությամբ այլ բովանդակություն՝ ժամանցային, մշակութային կամ տեխնոլոգիական, սակայն ինչ-որ փուլի վերածվել են քաղաքական քարոզչություն տարածող հարթակների։ Դրանցում հրապարակվում են իշխանության ներկայացուցիչների թեզերը, նախընտրական տեսանյութերը, ինչպես նաեւ ընդդիմության դեմ ուղղված ծաղրական ու արհեստական բանականությամբ գեներացված նյութեր։ Մենք առանձնացրել ենք մի քանի օրինա՝ ընդհանուր պատկերն ու գործելաոճը ցույց տալու համար։ Այս մասին գրում է Հետքը:

Ապակողմնորոշող տեսանյութեր, գրառումներ է հրապարակում O՜news ֆեյսբուքյան էջը։ Էջը բացվել է 2019 թ.-ի դեկտեմբերի 9-ին, ունի 21 հազար բաժանորդ։

Էջի անվանումը փոխվել է երեք անգամ։ Բացվել է NewsFeed անունով, սակայն չի արվել որեւէ հրապարակում։ Առաջին հրապարակումը եղել է 2021-ի ապրիլի 22-ին։ Էջը սկզբում տարածում էր միայն ՀԱՅ LIFE անունը կրող ֆեյսբուքյան էջի հրապարակումները, որոնք հիմնականում մշակութային հոդվածներ էին։ 2024-ի փետրվարին երկրորդ անգամ վերանվանվել է Mamul News եւ սկսել տարածել նույնանուն կայքի հոդվածները, որը հիմա չի գործում, սակայն ինտերնետ արխիվի՝ Wayback Machine-ի միջոցով կայքը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ քաղաքական հոդվածները հակաիշխանական էին։ Ֆեյսբուքյան այս էջը 2025-ի հունվարին վերանվանվել է TechTouch - Business and Tech Media, եւ էջում սկսվել են հրապարակումներ արվել ՏՏ ոլորտի նորությունների մասին՝ հիմնականում techtouch.am կայքից, որը եւս չի գործում («Ֆեյսբուքում» այս կայքն ունեցել է եւս մեկ էջ, որի լոգոն դիզայնով շատ նման է O՜news-ի ներկայիս լոգոյին, եւ նյութերը տարածում էր կրկին techtouch.am կայքից)։ O՜news վերանվանվել է 2026-ի մարտի 31-ին եւ ապրիլի 1-ից արդեն, երբ վերածվել է քաղաքական բովանդակություն տարածող էջի, սկսվել են պրոիշխանական եւ հակառուսական հրապարակումները։

Հաճախ այս էջում հրապարակվում են տարբեր լրատվամիջոցների, մասնավորապես՝ իշխանական «Հայկական ժամանակի» ու civic.am-ի տեսանյութերը, որոնք երբեմն ավելի մեծ արձագանք են ստանում, քան սկզբնաղբյուրներում տարածվածները:

Իշխանության թեզերը պաշտպանող հրապարակումներ է անում Medianews ֆեյսբուքյան էջը, որը ստեղծվել է 2021 թ. հունվարի 23-ին, այժմ ունի 263 հազար հետեւորդ։ Մինչեւ 2023-ի սեպտեմբերի 29-ը էջի անունը եղել է «Մայր Հայաստան», հետո վերանվանվել է Medianews։ Մինչ անվանափոխվելը, էջում հրապարակվում էին գրական տարբեր ստեղծագործություններից հատվածներ, աղոթքներ, իսկ 2023-ի սեպտեմբերի 29-ից հետո՝ միայն քաղաքական՝ իշխանությանը սատարող բովանդակություն։

Հիմա էջում ակտիվ հրապարակվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի տեսանյութերը։ Այս էջն ունի իր համանուն կայքը` medianews.site։ Դեռ 2021-ին Infocom-ը բացահայտել էր medianews.site-ի կապը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ։ Ու չնայած Չախոյանը հերքել էր իր կապը Medianews-ի հետ, «Սիվիլնեթը» վերջերս նոր ապացույցներով վերահաստատել է այդ փաստը:

Պրոիշխանական հոդվածներ, տեսանյութեր է հրապարակում նաեւ ArmNews անունը կրող ֆեյսբուքյան էջը, որը ստեղծվել է 2018 -ի սեպտեմբերի 27-ին, հիմա ունի 56 հազար հետեւորդ։ Էջը անվանափոխվել է վեց անգամ, սակայն բովանդակային փոփոխություն չի եղել։ Առաջին հրապարակումը նվիրված է «Թավշյա հեղափոխությանը»։ Մյուս հրապարակումները եւս ամբողջությամբ պաշտպանում են իշխող ուժին։ Հրապարակվում են հակառուսական, ՔՊ կուսակցության անդամների կամ իշխանամերձ այլ կայքերից տեսանյութեր եւ հոդվածներ։ Էջը նաեւ անթաքույց աջակցություն է հայտնում իշխանությանը՝ հրապարակելով ՔՊ-ի նախընտրական քարոզարշավից կադրեր՝ ուղղորդիչ մեկնաբանմամբ։ Այս էջում ընդդիմության վերաբերյալ հրապարակումներն արհեստական բանականությամբ գեներացված, կեղծ եւ ծաղրական նկարներ են, որտեղ նախընտրական խոստումները փոփոխված են եւ իրականությանը չեն համապատասխանում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները