«Ընդդիմությունից ով ամենաշատ ձայն հավաքեց, նա էլ իր վարչապետի թեկնածուին կառաջադրի»,- այս մասին 29/29 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Մենք բոլորս այս երկրում ապրում ենք. կա 90 կուսակցություն, որից 19-ը մասնակցում է։ Եթե ցանկացած մարդ ուզում է, որ իր երկրում լավ լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, խաղաղություն, զարգացում լինի, մարդը կարողանա իր կյանքից բավականություն ստանալ, ապա կուսակցական պատկանելությունը կապ չունի։ Ծառուկյանը եթե այդ գործի մեջ խառնվել է, ապա ոչ թե պաշտոնի, ճանաչման կամ գումարի կարիք ունենալու պատճառով, այլ որովհետև սիրտս ցավում է՝ տեսնելով իմ ազգին այս ծանր վիճակում»,- նշեց նա։
Ծառուկյանը խոսեց նաև ԲՀԿ-ի շտաբերում իրականացվող խուզարկությունների մասին։ «Այսօր էլ մեր մարդկանցից մի 50 հոգու անտեղի տարել են, որ մարդիկ չզբաղվեն, բայց դա հարցի լուծում չէ։ Ժողովուրդը հոգնել է և ուզում է փոփոխություն։ Ինչքան էլ ճնշումներ անեն, մեկ է՝ պարտված են։ Էնքան ասեց՝ խաղաղություն, մինչև վերջը բերեց Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ։ Եթե տնտեսություն չկա, պետություն չկա. ժողովուրդը աղքատանալու է ու սնանկանալու։ Մենք Եվրոպա ուղարկել ենք մի մեքենա ապրանք, մինչդեռ 100,000 ավտո Ռուսաստան է գնում. մի մեքենայով երկրի հարց չի կարգավորվում»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։