Հետևեք մեզ։

Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները

15:28, 08 հունիս 2026
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Վերահաստատված մանդատն արտացոլում է Հայաստանի ժողովրդի հարատև վստահությունն ու հավատը Ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ։

Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու նպատակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X սոցիալական հարթակում նշել է Մոդին:

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները