Հետևեք մեզ։

Հիմա Եվրոպայի և ԵՄ-ի համար լավագույն ժամանակն է գործել, զարգացնել առկա թափը Հայաստանի համար. Ուկրաինայի ԱԳ նախարար

16:43, 08 հունիս 2026
Հիմա Եվրոպայի և ԵՄ-ի համար լավագույն ժամանակն է գործել, զարգացնել առկա թափը Հայաստանի համար. Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացման առթիվ և հաջողություն մաղթել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիբիհան գրել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացման առթիվ: Հաջողություն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ իրենց երկրի համար մեծ արդյունքների հասնելու գործում»,-գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան:

«Կարևոր աշխարհաքաղաքական եզրակացությունն այն է, որ Հայաստանն անկայունացնելու և նրա գործերին միջամտելու փորձերը ձախողվեցին, ինչպես նախկինում ձախողվեցին Ռումինիայում, Մոլդովայում, Հունգարիայում և այլ երկրներում: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը շարունակում է թուլանալ: Մոսկվան այլևս արժեքավոր ոչինչ չի առաջարկում որևէ այլ երկրի՝ բացի սպառնալիքներից, շանտաժից և կայսերական ամբարտավանությունից»,-հայտարարել է Սիբիհան:

Նրա կարծիքով՝ հիմա Եվրոպայի և ԵՄ-ի համար լավագույն ժամանակն է գործել, զարգացնել առկա թափը և իրական արդյունքներ ապահովել Հայաստանի համար:

«Ի տարբերություն Ռուսաստանի՝ եվրոպական համայնքի հետ ավելի սերտ համագործակցությունը նշանակում է ավելի մեծ անվտանգություն, բարգավաճում և ազատություն»,-նշել է Ուկրաինայի արտգործնախարարը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները