Հետևեք մեզ։

Մենք պետք է սահմանադրական հիմքեր ունենանք ենթադրյալ հանցանքներ թույլ տված քաղաքական ուժերին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար. Գալյան

13:24, 10 հունիս 2026
Մենք պետք է սահմանադրական հիմքեր ունենանք ենթադրյալ հանցանքներ թույլ տված քաղաքական ուժերին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար. Գալյան

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Կառավարությունը մտածում է  ավելի խստացնել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր է նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումներ թույլ տված քաղաքական ուժերին զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը նախարար Սրբուհի Գալյանին հարցրել է, թե արդյոք ժամանակը չէ՞ օրենսդրական մեխանիզմներ կիրառել այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք, ըստ իրավապահների ստացած տվյալների, ներգրավված են ենթադրյալ հանցավոր գործողություններում։


Պատասխանելով հարցին՝ Գալյանը նշել է, որ քաղաքական ուժերի կողմից ենթադրյալ հանցավոր արարքների կատարման դեպքեր իսկապես արձանագրվում են։  

«Այն, որ այսօր մեր իրականության մեջ գոյություն ունեն այնպիսի իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների, դա փաստ է, և դրա մասին մենք վերջին շրջանում գրեթե ամեն օր լսում ենք` հատկապես պայմանավորված վերջին ընտրական գործընթացով»,- ասել է նախարարը։


Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունը և իրավապահ համակարգն արդեն իսկ հնարավորություն են տալիս արձագանքել նման դեպքերին։

«Ես կարծում եմ, որ դրա համար օրենսդրական բավարար բազա կա, և իրավապահ մարմիններն այդ առումով բավականին մեծ աշխատանք են տանում և տարել։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում այդ աշխատանքները պետք է շատ ինտենսիվ  շարունակվեն։ Ինչ վերաբերում է մեր մանդատին և լիազորություններին՝ որպես արդարադատության նախարարություն, մենք մտածում ենք ավելի խստացնել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի ապագայում կուսակցությանը զրկել, օրինակ, ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Եվ, եթե լինի կոնսենսուս, մենք հենց Սահմանադրության նախագծով դա կսահմանենք։ Այսինքն, եթե կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ է տվել ակնհայտ խախտումներ, նաև խախտումներ, որոնք կապված են ենթադրյալ հանցագործությունների հետ, մենք պետք է ունենանք սահմանադրական հիմքեր, որպեսզի այդ կուսակցությունները ուղղակի հնարավորություններ չունենան մասնակցել  ընտրական պրոցեսներին՝ այդպիսով չխաթարելով ընտրության արդյունքը։ Ես սա քայլ է, որը մենք պետք է կատարենք՝ նաև հաշվի առնելով այն փորձը, որին բոլորս ականատես եղանք։ Եվ, կարծում եմ, որ այս մասով ունենք նաև քաղաքացիների կողմից մեզ ուղղված հանրային պահանջ»,- նշել է Գալյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները