Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արթուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, 2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը քարոզարշավի ընթացքում մոտեցել էր վարչապետին և հարցեր ուղղել Արցախի կարգավիճակի, բանակցային գործընթացի, ինչպես նաև Արցախի նախկին իշխանություններին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ։
Իրավիճակը զրույցի ընթացքում սրվել էր, Փաշինյանն Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորել էր հեռանալ։ Վերջինս մեղադրվում է բռնության կոչի, քարոզարշավին խոչընդոտելու և խուլիգանության մեջ։