Երեկ գիշեր Գյումրիում տեղացած անոմալ ուժեղ անձրևների և կարկտի հետևանքով քաղաքում ստեղծվել է իսկական ֆորսմաժորային իրավիճակ։ Ինտենսիվ տեղումների պատճառով քաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի և սառույցի տակ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար: Հայտնում է Գյումրու քաղաքապետարանը։
Ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակի հատվածում։ Այնտեղ գոյացել էր հսկայական սառցաշերտ և ջրային մեծ կուտակումներ, ինչի հետևանքով երթևեկությունն այդ ուղղությամբ ամբողջությամբ կաթվածահար էր եղել և դարձել անանցանելի։
Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանը հայտնեց, որ տեղումների ծավալն աննախադեպ էր։
«Ջրի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում էր մինչև 1 մետր 40 սանտիմետրի։ Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, սակայն ջրի քանակությունն այնքան շատ է եղել, որ պարզապես հնարավոր չի եղել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը»,- նշեց Չադրյանը։
Աղետի հետևանքները վերացնելու նպատակով Գյումրու քաղաքապետարանն ամբողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով։ Գործի է դրվել համապատասխան ամբողջ տեխնիկան։ Բնակկոմունալ բաժնի և կոմունալ ծառայության աշխատակիցները գիշերվա ընթացքում փորձել են հեռացնել հաստ սառցաշերտը, մաքրել ճանապարհն ու բացել հաղորդակցությունը մեքենաների համար։