Հետևեք մեզ։

Հայաստանի արտադրանքի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկաներում առաջարկվող ապրանքներին․ Պապոյան

12:05, 11 հունիս 2026
Հայաստանի արտադրանքի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկաներում առաջարկվող ապրանքներին․ Պապոյան

Հայաստանի կառավարությունը շարունակում է աջակցել արտահանողներին՝ սուբսիդավորելով մի շարք ապրանքների մաքսատուրքերը և տրանսպորտային ծախսերի զգալի մասը։ Արդյունքում արդեն արձանագրվել են արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ։

Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով պատգամավոր Արյուսակ Մանավազյանի հարցին, թե ի՞նչ իրավիճակ է արտահանման աջակցության ծրագրի առումով։

Նախարարը հիշեցրեց, որ Կառավարության որոշումներից մեկով արդեն հաստատվել էր ջերմոցային տնտեսությունների արտադրանքի արտահանման աջակցության ծրագիրը։

«Կառավարությունը սուբսիդավորում է մաքսատուրքերը և տրանսպորտային ծախսերի մի զգալի մասը, որի արդյունքում արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և շատ այլ երկրներ։ Այս գործընթացը շարունակական է, և մենք ակնկալում ենք շատ ավելի մեծ ծավալներ»,- ասաց Պապոյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում արտահանման ծավալների սահմանափակում չկա։

«Ինչքան շատ արտահանվի, մենք այդ ամբողջ ծավալը կսուբսիդավորենք։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ամեն հաջորդ օրը արտահանման ծավալները շարունակաբար մեծանում են»,- նշեց նախարարը։

 

Էկոնոմիկայի նախարարը շեշտեց, որ Հայաստանի արտադրանքի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկաներում առաջարկվող ապրանքներին։ Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծված ինտենսիվ այգիներն ու ջերմոցային տնտեսությունները տեխնոլոգիական առումով նույնական են եվրոպական առաջատար երկրների նմանատիպ տնտեսություններին։

«Այն ինտենսիվ այգիները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, բացարձակապես նույնական են Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի ինտենսիվ այգիների հետ։ Այն ջերմոցային տնտեսությունները, որոնք կան Հայաստանում, նույնն են, ինչ Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում։ Որևէ մեթոդի, որևէ տեխնոլոգիայի տարբերություն չկա»,- ընդգծեց Պապոյանը։

Նախարարը նշեց, որ այդ տնտեսություններում ստացվող արտադրանքը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին, իսկ արտադրանքի զգալի մասն ունի միջազգային անհրաժեշտ սերտիֆիկատներ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները