Հետևեք մեզ։

Հայաստանը մոդուլային ատոմակայան կառուցելու առաջարկներ է ստացել 5 երկրից. Խուդաթյան

12:16, 11 հունիս 2026
Հայաստանը մոդուլային ատոմակայան կառուցելու առաջարկներ է ստացել 5 երկրից. Խուդաթյան

Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի հաջող ավարտի դեպքում Հայաստանը կկարողանա ատոմակայանը պահել իր էներգահամակարգում առնվազն մինչև 2036 թվականը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե մինչև ո՞ր թվականը հնարավոր կլինի անվտանգ շահագործել Հայաստանի ատոմակայանը՝ մինչև նոր բլոկի կառուցումը։

Խուդաթյանի խոսքով՝ 2026 թվականի ընթացքում Հայկական ատոմային էլեկտրակայանն անջատված է Հայաստանի էներգահամակարգից և գտնվում է շահագործման ժամկետի երկարացման ծրագրի փուլում։

«Այս օրերին Հայկական ատոմային էլեկտրակայանն անջատված է մեր էներգահամակարգից և գտնվում է շահագործման ժամկետի երկարացման ծրագրում։ Մենք յուրաքանչյուր տարի այս գործողությունն իրականացնում ենք, պարզապես 5 տարին մեկ դա ավելի երկար է տևում, և էներգահամակարգից անջատումը կազմում է շուրջ 3 ամիս»,- ասաց Խուդաթյանը։

Նախարարը նշեց, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են, և դրանց կեսից ավելին իրականացվել է։

«Ծրագրի հաջող ավարտի պարագայում, իսկ մենք առավելագույնն ենք անում դրա հաջող ավարտի համար, ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարացվի ևս 10 տարով։ Այսինքն՝ առնվազն մինչև 2036 թվականը ատոմային կայանը միացված կլինի մեր էներգահամակարգին»,- նշեց նախարարը։

Խուդաթյանի խոսքով՝ գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացմանը զուգահեռ Կառավարությունը շարունակում է նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքները։

Նա հիշեցրեց, որ Կառավարությունն արդեն հայտարարել է նոր ատոմակայանի մոդելի և տեսակի վերաբերյալ իր դիրքորոշումը։

«Մոդելի ընտրությունը, տեսակի ընտրությունը արել ենք։ Կառավարությունը հայտարարել է, որ մենք գնում ենք մոդուլյար ատոմակայանի կառուցման ճանապարհով»,- ասաց Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը տարբեր երկրներից առաջարկներ ունի և ուսումնասիրում է դրանք՝ թե՛ տեխնիկական, թե՛ անվտանգային, թե՛ ֆինանսական տեսանկյունից։

«Տարբեր երկրներից առաջարկներ ունենք, այդ առաջարկներն ուսումնասիրում ենք՝ ինչպես դրանց տեխնիկական, այնպես էլ անվտանգային և ֆինանսական հատվածները։ Այս տեխնոլոգիան բավականին նոր է համաշխարհային էներգետիկայի ոլորտում, և այստեղ մենք շտապողականություն չենք ցուցաբերում»,- ընդգծեց Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ նոր ատոմակայանի կառուցման դեպքում ֆինանսական բաղադրիչը շատ կարևոր է, քանի որ կառուցման արժեքը կարող է էական ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

«Տարբեր երկրների առաջարկների ֆինանսական արժեքներն իրարից տարբերվող են։ Մենք գիտենք, որ նոր ատոմակայանների կառուցման արժեքը էական ազդեցություն է ունենալու սակագնի վրա, և հետևաբար մեզ համար գլխավոր պայմաններից մեկը հնարավորինս մատչելի գին ստանալն է»,- ասաց նախարարը։

Խուդաթյանը նշեց, որ այս պատճառով Կառավարությունը չի շտապում վերջնական որոշում կայացնել։ Նրա գնահատմամբ՝ որոշման կայացումը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի 2027 թվական։

«Չենք շտապում որոշում կայացնել։ Կարծում եմ՝ որոշման կայացումը կտեղափոխենք 2027 թվական, որովհետև շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը մեզ ճկունության հնարավորություն է տալիս»,- ասաց նա։

Նախարարը հավելեց, որ մինչև այդ աշխարհում մի քանի երկրներում արդեն էներգահամակարգին միացված մոդուլյար ատոմակայաններ կլինեն, ինչը հնարավորություն կտա ավելի ամբողջական գնահատել այդ տեխնոլոգիայի կիրառման փորձը։

«Միևնույն ժամանակ, աշխարհի մի քանի երկրներում արդեն էներգահամակարգին միացված այդպիսի ատոմակայաններ կունենանք 2026 թվականի տարեվերջին և 2027 թվականի ընթացքում»,- նշեց Խուդաթյանը։

Հայաստանը մոդուլային ատոմակայան կառուցելու առաջարկներ է ստացել 5 երկրից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Հարավային Կորեայից։ 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները