Հետևեք մեզ։

Աշտարակի Օրգովի 12-ամյա աշակերտի դեպքով թմրամիջոցի հետքեր են հայտնաբերվել․ Արփինե Սարգսյան

21:19, 12 հունիս 2026
Աշտարակի Օրգովի 12-ամյա աշակերտի դեպքով թմրամիջոցի հետքեր են հայտնաբերվել․ Արփինե Սարգսյան

Աշտարակի Օրգով գյուղի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտի՝ դպրոցական էքսկուրսիայից հետո հիվանդանոց տեղափոխվելու դեպքը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արփինե Սարգսյանը։

 

Նրա խոսքով՝ դեպքը մտահոգիչ է, քանի որ նմանատիպ իրավիճակ նախկինում չի արձանագրվել։

 

«Ունենք հաղորդում, որը փոխանցվել է քննչական մարմին։ Ոստիկանությունն իրականացնում է օպերատիվ-հետախուզական ինտենսիվ աշխատանքներ։ Սկզբնական փուլում եղել է նույնականացված անձ, սակայն ձեռք բերված փաստերը բավարար չեն եղել՝ համոզվելու համար, որ դեպքը կապված է հենց նրա հետ»,- նշել է նախարարը։

 

Արփինե Սարգսյանի փոխանցմամբ՝ նախնական փորձաքննության արդյունքներով երեխայի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցի հետքեր։

 

Նա ընդգծել է, որ քննության շրջանակում ուսումնասիրվել են տարբեր վարկածներ՝ հաշվի առնելով, որ աշակերտներն ու ուսուցիչները միասին մասնակցել են էքսկուրսիայի, սակայն մի շարք նախնական վարկածներ արդեն հերքվել են։

 

«Այս պահին ձեռնպահ կմնամ մանրամասներ հրապարակելուց, քանի որ քննությունը շարունակվում է, և ցանկանում ենք ունենալ ամբողջական պատկեր»,- ասել է նախարարը։

 

ՆԳ նախարարը նաև նշել է, որ դեպքը գտնվում է իր անմիջական հսկողության ներքո, իսկ ամբողջ դասարանն ու դպրոցը ներառվել են ուսումնասիրությունների շրջանակում՝ հնարավոր բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

 

Ըստ նրա՝ երեխայի առողջական վիճակը բարելավվել է, և արդեն հնարավոր է եղել որոշակի շփումներ ունենալ նրա հետ։

 

«Երեխայի վիճակը փոփոխվել է դեպի լավը, և նա արդեն որոշակի տեղեկություններ է փոխանցել»,- հայտնել է Արփինե Սարգսյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները