«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, թեև Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն։
Այդ իսկ պատճառով, կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ, որտեղ ամփոփվելու են ընտրության արդյունքները։ Կոչ ենք անում ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներին, հասարակական–քաղաքական հանրույթի ներկայացուցիչներին, մեր բոլոր ակտիվ ու սրտացավ քաղաքացիներին միասնական ճակատով պայքարել հանուն արդարության։ Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է ընտրողի իրավունքի վերականգման համար, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար»:
Հիշեցնենք, որ 2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ-ն հայցեր էր ներկայացրել վարչական դատարան:
ԲՀԿ հայցադիմումի քննությանը որպես 3-րդ կողմ մասնակցում էին «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը և «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը:
ԲՀԿ ներկայացուցիչները դատարանում պնդեցին, որ ԿԸՀ-ն իրավունք չուներ անվավեր ճանաչել ընտրատեղամասերի արդյունքները, քանի որ դա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունն է: Փոխարենը՝ ԿԸՀ-ն կարող էր վերաքվեարկության որոշում կայացնել, ինչը չի արել: Հետևաբար, հայցվոր կողմը դատարանից պահանջեց բեկանել ԿԸՀ որոշումը: ԿԸՀ փոխնախագահը, սակայն, հակադարձել է` գործել են ընտրական օրենսգրքի շրջանակում, հետևաբար խնդրեց հայցը մերժել: