Արմավիրի մարզում գտնվող Արգիշտիխինիլի ուրարտական հնավայրում 2026 թվականի պեղաշրջանը, որը մեկնարկել է մայիսի երկրորդ կեսին և կամփոփվի հունիսի 22-ին, բավականին խոստումնալից է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արգիշտիխինիլիի հայ-լեհական արշավախմբի ղեկավար Հասմիկ Սիմոնյանը նշեց, որ այս տարվա պեղումների ընթացքում քաղաքային թաղամասում հայտնաբերվել են տնտեսական նշանակության շինություններ, մեծ քանակությամբ խեցեղեն նյութեր, գարեջրի և գինու անոթներ, հացահատիկի պահեստավորման կարասներ, ինչպես նաև երեք թոնիր։ «Ենթադրվում է, որ այդ հատվածում գործել է խոհանոցային համալիր։ Հայտնաբերվել են նաև կենդանական ոսկորներ և գինու մշակման հետքեր»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ պեղավայրի տարածքում իրականացվում են ծածկման և հայտնաբերված նյութերի մշակման աշխատանքներ։

«Պեղումները հնավայրում շարունակվում են 2024 թվականից՝ կենտրոնանալով քաղաքային թաղամասի և աճյունասափորային դամբարանադաշտի ուսումնասիրման վրա։ Վերջին երեք տարիներին հնագետներն ուսումնասիրում են բնակելի ու տնտեսական կառույցներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել Ուրարտուի հասարակ բնակչության առօրյայի մասին։ Առանձնահատուկ նշանակություն ունի դամբարանադաշտի ուսումնասիրությունը։ Երեք պեղաշրջանների ընթացքում այստեղ արդեն հայտնաբերվել և ուսումնասիրվել է 27 աճյունասափոր»,-ասաց նա։

Հասմիկ Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի տարածքում առաջին անգամ մեկ վայրում արձանագրվել է նման մեծ թվով աճյունասափորների կուտակում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ուրարտացիները կիրառել են դիակիզման թաղման ծես։ Աճյունասափորների համակարգչային տոմոգրաֆիկ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրանցից յուրաքանչյուրում, նախնական տվյալներով, տեղադրված են մեկ անհատի ոսկորները։
«Աճյունասափորներում հայտնաբերվել են նաև զարդեր, ականջօղեր և այլ ուղեկցող նյութեր։ Հնագետները նշել են, որ պեղված փոքր չափերի աճյունասափորներից մեկում իրականացվել է մանկական թաղում, ինչը կարևոր տեղեկություններ է տալիս ուրարտական հասարակության թաղման ծեսի վերաբերյալ»,-հավելեց Սիմոնյանը։

Նա նշեց, որ Արգիշտիխինիլիի պեղումները բացառիկ են նաև համագործակցության ձևաչափով, քանի որ առաջին անգամ Հայաստանում մեկ հուշարձանի ուսումնասիրման համար միավորվել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանը և լեհ գործընկերները՝ Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության կենտրոնից։ «Ծրագրի նպատակն է վերականգնել ոչ միայն ուրարտական թաղման ծեսերի, այլև Արգիշտիխինիլիի հասարակ բնակչության առօրյա կյանքի պատկերը։ Հետազոտություններին ներգրավված են նաև քիմիկոսներ, երկրաքիմիկոսներ և ֆիզիկոսներ, որոնք փորձում են պարզել բնակավայրի ջրամատակարարման համակարգերը, գյուղատնտեսական տարածքների տեղակայումը և բնական միջավայրի առանձնահատկությունները»,-ասաց նա։

Արշավախմբի ղեկավարը հավելեց, որ հնավայրից պեղված նյութերը թվագրվում են մ.թ.ա 8-7-րդ դարերով։ Դրանք հանձնվելու են Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարան։