ՀՀԿ երիտասարդներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» կարգախոսով: Ակցիայի մասնակիցներն Արմեն Աշոտյանի պատկերով շապիկներ էին հագել և վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»:
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանն ասաց․«Դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանին։ Դավաճանական վարչախումբը փորձում է լռեցնել ազգային գործիչներին՝ նրանց վրա շինծու քրեական գործեր հարուցելով։ Մենք այստեղ ենք ասելու, որ Դուք չդառնաք Նիկոլ Փաշինյանի գործիքը, որ Դուք չմասնակցեք թուրք-ադրբեջանական տանդեմի ծառաների և դավաճանների այս քայլերին։ Մենք չենք լռելու, մենք պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք։ Դուք փորձում եք լռեցնել Արմեն Աշոտյանին, բայց նա խոսում է մեր միջոցով և բոլոր այն գործիչները, ում փորձում եք լռեցնել, սպանել, մենք բարձրաձայնելու ենք իրականությունը՝ դուք դավաճան եք, թրքահպատակ»։
Հայկ Դերզյանն է ասաց, որ ականատես են լինում, թե ինչպես է իրավապահ համակարգը ենթարկվում թրքահպատակ իշխանությանը․ «Տիկին դատախազ, եթե դուք միամսյակի առթիվ ստանաք նվեր, որը վաղուց անցել է, ապա բարի եղեք, մտեք Արմեն Աշոտյանի էջը, որտեղ փաստեր կան, թե ինչպես է իշխանությունը հանձնում Արցախը, Հայաստանը, այնքան քրեական գործեր կարող եք հավաքել, որ ձեր ողջ պաշտոնավարման ընթացքում չկարողանաք քննել։ Բայց դուք որոշել եք իրականացնել այս իշխանության նազ ու տուզը, բայց մի բան իմացեք, որ լինի կին, թե տղամարդը, բոլորն օրենքի առաջ հավասար են, բոլորդ պատասխան եք տալու»։