Հետևեք մեզ։

Անչափահասին ծեծած Դիլիջանի քրեականի պետն ազատության մեջ է, պահանջում է դադարեցնել քրեական հետապնդումը. «Փաստինֆո»

16:06, 04 հուլիս 2023
Անչափահասին ծեծած Դիլիջանի քրեականի պետն ազատության մեջ է, պահանջում է դադարեցնել քրեական հետապնդումը. «Փաստինֆո»

Դիլիջանի հյուրանոցներից մեկում 16-ամյա մատուցողին ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք պատճառելու մեղադրանքով կալանավորված ՆԳՆ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթամազյանն ազատության մեջ է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել է նրան կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ վերացնելով կալանքը։

Պաշտպան Վահագն Քեշիշյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել, Ղայթամազյանի նկատմամբ այս պահին դեռևս խափանման միջոց ընտրված չէ։
Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքին, ապա փաստաբանի փոխանցմամբ, այս ընթացքում Ղայթամազյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել, թեև մի շարք միջնորդություններ են ներկայացվել, որոնք փաստացի անպատասխան են մնացել։ Փաստաբանը չի բացառում, որ դիմի նաև գլխավոր դատախազին։

Փաստաբանը, մասնավորապես, պահանջում է պարզաբանել մեղադրանքը, ինչպես նաև՝ դադարեցնել քրեական հետապնդումը՝ Ղայթամազյանի նկատմամբ։

Քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հիմքում պաշտպանության կողմը բարձրացրել է մեղադրանքի որակման հարցը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Ղայթամազյանն ընդունում է արարքը կատարելու փաստը, սակայն համաձայն չէ առաջադրված մեղադրանքի որակման հետ։ Ըստ նրա՝ առկա չէ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու հանցակազմը, ըստ այդմ, պահանջում է դադարեցնել հետապնդումը՝ այդ մեղադրանքով։

Հիշեցնենք, որ դեպքի մասին հայտնի դարձավ հունիսին, երբ մամուլում տարածվեց կադրերը, որտեղ տեսանելի էր, թե ինչպես է Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծում 16-ամյա տղային։

Հետագայում պարզվեց, որ միջադեպը գրանցվել է մոտ 1,5 ամիս առաջ՝ ապրիլի 10-ին։ Նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ Քրեական վարույթի շրջանակներում 16-ամյա պատանին, որը ռեստրանային համալիրում մատուցող է աշխատում, տուժող է ճանաչվել, սակայն տղային դաժանաբար ծեծի ենթարկելու համար պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում այդպես էլ չէր հարուցվել՝ պաշտոնյայի «զղջման» հիմքով։ Փաստացի գործը փորձ էր արվել ծածկադմփոց արվել և միայն բարձրացված աղմուկից հետո վերադաս դատախազի որոշմամբ վերացվեց քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը։ Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Նա ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է։ ՆԳՆ պաշտոնյայի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցված են՝ պայմանավորված ծառայողական քննությամբ։