Հետևեք մեզ։

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում մայիսի 31-ի դրությամբ հավաստագիր է տրամադրվել 6444 ընտանիքի

12:35, 16 հունիս 2026
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում մայիսի 31-ի դրությամբ հավաստագիր է տրամադրվել 6444 ընտանիքի

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ հավաստագիր է տրամադրվել 6444 ընտանիքի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հավաստագիր ստացած ընտանիքներում ներառված է 26 հազար 432 մարդ։ Այդ ընտանիքներից ավելի քան 2970-ը՝ շուրջ 13 հազար 400 մարդ, արդեն գնել է իր տունը կամ բնակարանը։

«2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակներում հավաստագիր է տրամադրվել 6444 ընտանիքի, որոնցում ներառված է 26 հազար 432 մարդ։ Ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13 հազար 400 մարդն արդեն իսկ գնել է իր տունը կամ բնակարանը»,- ասաց Խաչատրյանը։

Փոխվարչապետը նշեց, որ 2025 թվականին, ինչպես նախորդ տարիներին, Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական ինտեգրման միջավայրի բարելավումը շարունակել է մնալ Կառավարության հիմնական առաջնահերթություններից։

Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր Կառավարության իրականացրած ծրագրերը թույլ են տվել ոչ միայն արդյունավետ կառավարել ճգնաժամը, այլև ստեղծել նախադրյալներ հրատապ աջակցությունից սոցիալ-տնտեսական ինտեգրման անցնելու համար։

Խաչատրյանի ներկայացմամբ՝ 2025 թվականին փոփոխություններ են կատարվել բնակապահովման ծրագրում։ Եթե սկզբնական փուլում բնակարան ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրումը նախատեսվում էր որոշակի հերթականությամբ, ապա 2025 թվականի հուլիսի 1-ից հավաստագիր ստանալու հնարավորությունը բացվել է ծրագրի պայմաններին բավարարող բոլոր ընտանիքների համար՝ անկախ ընտանիքի կազմից։

Փոխվարչապետը նշեց նաև, որ ընդլայնվել է այն բնակավայրերի ցանկը, որտեղ բնակարան կամ տուն գնելու համար մեկ անձի հաշվով աջակցության չափը 3 միլիոն դրամից բարձրացվել է 4 միլիոն դրամի։

Նրա խոսքով՝ մինչ այդ 4 միլիոն դրամի չափը նախատեսված էր 452 բնակավայրի համար, իսկ փոփոխություններից հետո այն սահմանվել է 611 բնակավայրի համար։

Խաչատրյանը հավելեց, որ ծրագրի լավարկումները շարունակվել են նաև 2026 թվականի մարտին։ Երևանի սահմանակից մարզերի բնակավայրերում ևս մեկ անձի համար նախատեսված հավաստագրի չափը 3 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 4 միլիոն դրամ։

«Բարելավումը տարածվեց նաև նախկինում իրացված հավաստագրերի շահառուների վրա՝ թույլ տալով, որ ավելացող ֆինանսական միջոցներն օգտագործվեն աջակցության ծրագրով նախատեսված այլ ծախսային ուղղություններով»,- նշեց փոխվարչապետը։

Խաչատրյանի խոսքով՝ Կառավարության աջակցության շրջանակում տեղահանված քաղաքացիների գնած բնակարանների արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ։

Նա ընդգծեց, որ եթե հաշվի առնվեն նաև ֆինանսավորող առևտրային բանկերի վարկերի վերադարձը և դրանց սպասարկման տոկոսային ծախսերը, որոնք առաջիկա տարիներին կատարվելու են բյուջետային միջոցներով, ապա ծրագրի շրջանակում կառավարության ստանձնած պարտավորությունների գումարն արդեն 85 միլիարդ դրամ է։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները