«Միասնության թևեր» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հարցով։
Ինչպես հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է քաղաքական ուժի ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը, նախընտրական քարոզարշավն ու ընտրություններն անցել են վախի մթնոլորտում և իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմամբ։ Նա հիշեցրել է, որ «Միասնության թևեր»-ը չի ընդունել ընտրությունների արդյունքները, բողոքարկել է դրանք Երևանի բոլոր տեղամասերում և մի շարք մարզերում՝ պահանջելով ձայների վերահաշվարկ, իսկ որոշ վայրերում՝ կրկնակի քվեարկություն։ Դրմեյանն ընդգծել է, որ կուսակցությունն օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանելու է իր յուրաքանչյուր ընտրողի քվեն։
Սահմանադրական դատարան դիմելուց զատ, նախատեսվում են նաև իրավական այլ քայլեր, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ։ «Արդյունքները չեն արտացոլում ընտրողների կամքը, քանի որ քարոզարշավի ընթացքում արձանագրվել է վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառում։ Իշխող ուժը ներկայացնող ՏԻՄ ղեկավարների կողմից բազմաթիվ որոշումներ են կայացվել քաղաքացիներին գույքի անհատույց փոխանցման, հարկային բեռից ազատելու և աննախադեպ չափերի պարգևավճարների բաշխման վերաբերյալ»,- մանրամասնել է Լիպարիտ Դրմեյանը։