Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանն այսօր՝ հունիսի 16–ին, բավարարել է Համալսարանի Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցների պահանջը և Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարեն Պետրոսյանին, ով մինչ այդ էլ զբաղեցնում էր այդ պաշտոնը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ բոյկոտ են հայտարարում և դադարեցնում են աշխատանքը՝ պահանջելով Կարեն Պետրոսյանին նշանակել տնօրենի ԺՊ մինչև տնօրենի ընտրությունները։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա:
Որոշման արդյունքում կաթվածահար էր եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն էր առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում։