Օրերս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված, երեկ էլ եռօրյա բանտարկությունից ազատ արձակված ռուս մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին հնարավորություն է ստացել հեռանալ Հայաստանից, նա արդեն Թել Ավիվում է։
Փաստաբան Վաչե Սիմոնյանն «Ազատությանը» փոխանցել է, որ գլխավոր դատախազությունը բավարարել է իր միջնորդությունը՝ թույլատրելով Պուտինի ռեժիմի քննադատ գիտնականին անարգել հեռանալ Հայաստանից։
«Սովորաբար այլ երկրի կողմից հետախուզվողը հնարավորություն չի ունենում լքել Հայաստանը, քանի դեռ նրա անվան դիմաց նշված է «հետախուզում» բառը, բայց անհատական դեպքերում դա հնարավոր է դառնում, երբ Հայաստանի դատախազությունը բավարարում է փաստաբանի միջնորդությունը»,- ասել է փաստաբանը։
Հարվարդի համալսարանում դոկտորի կոչում ստացած և միջազգային համալսարաններում դասավանդող 56-ամյա Վերբիցկուն Ռուսաստանը հետախուզում է 2025-ից, նրան մեղադրում է ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։
Գիտնականն ակտիվորեն քննադատում է պուտինյան ռեժիմն ու Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում