Հայաստանում արտադրված ապրանքների Ռուսաստան արտահանման սահմանափակումները կարող են մինչև 0․6 տոկոսի գնանկումային ազդեցություն առաջացնել, եթե չհաջողվի գտնել դրանց սպառման նոր շուկաներ։
Հունիսի 16-ի ասուլիսում նման գնահատական հնչեցրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Մարտին Գալստյանը նշեց, որ, օրինակ, Հայաստանում արտադրված ծաղիկների զգալի մասն արտահանվում է Ռուսաստան։ Ընդհանրացնելով՝ բանախոսը նշեց․
«Սցենարները բազում են։ Եթե չստացվի փոխել շուկաները, գնանկումային ազդեցությունը, մեր գնահատմամբ, կարող է լինել մինչև 0․6 տոկոս։ Մեր ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկն ավելանալու է, որի արդյունքում ակնկալում ենք, որ, հնարավոր է, օրինակ, բանջարեղենի, հանքային ջրերի, ալկոհոլային խմիչքների որոշակի մասի, ինչպես նաև կորիզավորների որոշակի գնանկումային երևույթներ ունենանք։ Եթե հնարավորություն լինի փոխել շուկաները, ապա այս ազդեցությունն ավելի մեղմ կլինի»։