Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը։
Նախագծի նպատակն է հստակեցնել, կատարելագործել մաքսային ստուգումների գործընթացը, կարգավորել առկա բացերը, ներդնել փաստաթղթերի էլեկտրոնային ծանուցման մեխանիզմներ և վերանայել ստուգումների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության նորմերը։
Մասնավորապես,
1․ կամերալ մաքսային ստուգումների համար սահմանվում են հստակ ժամկետներ․ դրանք չեն կարող գերազանցել 40 աշխատանքային օրը։ Ստուգման ենթակա անձը պարտադիր կծանուցվի ստուգման մեկնարկի մասին, իսկ ստուգման ժամկետը չի կարող երկարաձգվել կամ կասեցվել։
2․Օրենքից հանվում է կամերալ մաքսային ուսումնասիրության տեսակը, քանի որ այն արդեն ներառված է գործող հսկողության ձևերում։
3․Հստակեցվում են արտագնա մաքսային ստուգումների կասեցման հիմքերն ու ընթացակարգերը, ինչպես նաև ուժեղացվում են ստուգվող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները։Խախտումներ հայտնաբերելու դեպքում ստուգման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, կազմվելու է ստուգման ակտի նախագիծ, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվելու է ստուգվող անձին։ Վերջինս հնարավորություն կունենա 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու առարկություններ։
4․Նախագծով սահմանվում են մաքսային ստուգումների արդյունքներով կայացվող որոշումների տեսակները, որոնք ներառվելու են ստուգման ակտում՝ գործընթացը դարձնելով միասնական և պարզեցնելով վարչարարությունը։
5․Հստակեցվում են մաքսային ստուգումների վերաբերյալ փաստաթղթերի ծանուցման եղանակները՝ նախատեսելով դրանց տրամադրումը առձեռն, փոստով և էլեկտրոնային եղանակներով։
6․Վերացվում են մաքսային ոլորտում գործունեություն իրականացնող որոշ կազմակերպությունների համար սահմանված կրկնվող պահանջները։
7․Իրավախախտումների կանխարգելման նպատակով սահմանվում է կազմակերպությունների համար պատասխանատվություն՝ նախատեսելով տուգանք չհաշվարկված կամ պակաս հաշվարկված պարտավորությունների 20 տոկոսի չափով կամ 50 տոկոսի չափով՝ պայմանական բացթողնման պայմանների խախտման արձանագրման դեպքում։ Վերանայվում է նաև տույժերի դրույքաչափը՝ այն 0.04 տոկոսից բարձրացնելով մինչև 0.075 տոկոս՝ ապահովելով ՀՀ հարկային օրենսդրության հետ համահարթեցում։ Ֆիզիկական անձանց համար նախատեսվում է առանձին կարգավորում՝ հաշվարկման գործընթացը պարզեցնելու նպատակով։
Նախագծի ընդունումը միտված է ապահովելու առավել հստակ, կանխատեսելի և արդյունավետ մաքսային վարչարարություն՝ ձևավորելով առավել արդար, թափանցիկ և վստահելի մաքսային գործընթացներ։