Հետևեք մեզ։

5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը

14:45, 18 հունիս 2026
5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տարեկան աշխատավարձը 2025 թվականին զգալիորեն աճել է՝ գերազանցելով 33 միլիոն դրամը։ «NEWS.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում հրապարակված պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ՝ եթե 2024 թվականին Վարդապետյանը դատախազությունից ստացել էր 30,751,713 դրամ աշխատավարձ, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 33,241,909 դրամի։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիությունը, որը տեխնիկական խնդիրների պատճառով շուրջ 21 օր առաջ խափանվել էր, վերականգնվել է նախօրեին: NEWS.am-ն, ուսումնասիրելով հայտարարագրերի ռեեստրը, պարզել էր, որ պետական բարձրաստիճան առանցքային պաշտոնյաների մեծ մասն, այդ թվում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրենց գույքի, եկամուտների և ծախսերի 2025 թվականի տարեկան հայտարարագրերը ներկայացրել են մայիսի 30-31-ին՝ օրենքով սահմանված վերջնաժամկետի վերջին օրերին:
 

Հատկանշական է, որ համակարգի տևական խափանումը համընկել էր նախընտրական շրջանի հետ՝ լրատվամիջոցներին զրկելով պաշտոնյաների տարեկան եկամուտները ընտրություններից առաջ հանրայնացնելու հնարավորությունից։ Թե որքանով է այս զուգադիպությունը պատահական, մնում է միայն կռահել:

 

Համաձայն Աննա Վարդապետյանի 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի՝ վերջինս բաժնային սեփականության իրավունքով տիրապետում է երկու բնակարանի Երևանում։ Դրանցից առաջինը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարանի 1/5 բաժնեմասը, որը նա ստացել է 2014 թվականին որպես նվիրատվություն, իսկ երկրորդ՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանի 1/2 բաժնեմասը, որը գնվել է 2024 թվականի օգոստոսին։

Գլխավոր դատախազի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է ավելի քան 40.1 միլիոն դրամ, որի հիմնական մասը գոյացել է դատախազությունից ստացած 33.2 միլիոն դրամ և Երևանի պետական համալսարանից ստացած շուրջ 886 հազար դրամ աշխատավարձերից։ Բացի այդ, նա Պետական եկամուտների կոմիտեից ստացել է մոտ 5.6 միլիոն դրամ եկամտային հարկի վերադարձ և «Ամերիաբանկից» վերցրել շուրջ 308 հազար դրամի վարկային միջոցներ։

Ի տարբերություն Վարդապետյանի՝ վերջինիս ամուսինը՝ Մամիկոն Գևորգյանը, ով հանդիսանում է «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի Նյութատեխնիկական մատակարարման բաժնի մասնագետ, 2025 թվականին համեմատաբար համեստ աշխատավարձ է ստացել: Ուսումնասիրված հայտարարագրի համաձայն՝ Աննա Վարդապետյանի ամուսնու տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 22.6 միլիոն դրամ։ Այս գումարից 15.7 միլիոն դրամը (շուրջ 42,000 դոլար) նա ստացել է հենց Վարդապետյանից՝ որպես նվիրատվություն, իսկ մնացած մասը գոյացել է «ԱՐՄԵՆԱԼ» ընկերությունից ստացած մոտ 3.9 միլիոն դրամ աշխատավարձից և «Ամերիաբանկից» ստացած ավելի քան 3 միլիոն դրամի վարկային միջոցներից։

Հաշվետու տարում Մամիկոն Գևորգյանը 5,700,000 դրամ ուղղել է անշարժ գույքի վերանորոգման համար:

Տվյալ տարվա վերջի դրությամբ Մամիկոն Գևորգյանն իր հայտարարագրում նշել է երեք բնակարան, որոնք բոլորն էլ գտնվում են Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Դրանցից երկուսի միանձնյա սեփականատերն է․ մեկը ձեռք է բերել 2007 թվականի նոյեմբերին՝ գնման եղանակով, իսկ մյուսը ստացել է նույն տարվա դեկտեմբերին՝ որպես նվիրատվություն։ Բացի այդ, նա 1/3 բաժնային սեփականության իրավունքով տիրապետում է ևս մեկ բնակարանի, որը ստացել է 2013 թվականին՝ ժառանգության կարգով։

Այսպիսով, համադրելով զույգի հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ ամուսիններն ընդհանուր առմամբ Երևանում տիրապետում են հինգ բնակարանի (կամ դրանց բաժնեմասերին)։

Գևորգյանն իր հայտարարագրում նշել է նաև 2019 թվականի արտադրության «MERCEDES-BENZ» մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2024 թվականի մարտի 7-ին՝ գնման եղանակով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները