Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հունիսի 18-ի գիշերը Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա կատարված զանգվածային հարձակումը պատասխան էր Կիևի, մասնավորապես՝ Կիև-Պեչորյան մայրավանքի վրա օրերս Ռուսաստանի իրականացրած հարվածների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։
«Եթե (ՌԴ նախագահ) Պուտինը չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը և ցանկանում է շարունակել այն, մենք հանգիստ չենք նստի, մենք կպատասխանենք։ Եթե Ուկրաինան այրվի, Մոսկվան նույնպես կայրվի», - ասել է նա լրագրողների հետ զրույցում։
Հունիսի 15-ին ռուսական հարվածների ժամանակ Կիևում զոհվել էր 5 մարդ, հրդեհվել էր Կիև-Պեչորյան մայրավանքի գլխավոր եկեղեցին՝ Աստվածածնի Վերափոխման տաճարը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։
Զելենսկին հիշեցրել է, որ հարվածներից հետո այցելել է մայրավանք և հայտարարել, որ կլինի պատասխան։
Նա հավելել է՝ Կիևը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի։
Հունիսի 18-ի գիշերն ուկրաինական հարվածներից հրդեհ է բռնկվել Մոսկվայի Կապոտնյայի շրջանի նավթավերամշակման գործարանում, որը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է թիրախավորվում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հրդեհը հիմնականում տեղայնացվել է։
Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր, որ ՀՕՊ համակարգերը խոցել են դեպի Մոսկվա թռչող 194 անօդաչու։ Մոսկվայի մարզում 17 մարդ է տուժել։