«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը փողոցային պայքար սկսելու քաղաքական ներուժ չունեն։ Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր ուժերի համախմբման և փողոցային պայքար սկսելու մասին հայտարարություններին։
Լրագրողը հիշեցրեց Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ ընդդիմադիր ուժերը միասին հանրահավաք կհրավիրեն, իսկ հանրահավաքները պետք է ավարտվեն արդյունքով։
Արթուր Հովհաննիսյանն, արձագանքելով հարցին, քննադատեց Կարապետյանի ձևակերպումները և նշեց, որ քաղաքացիներին «գլուխներ» անվանելը խոսում է նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին։
«Եթե մարդիկ գնացել են, փող են բաժանել, այդ եղանակով են մեծամասամբ իրենց քվեները ստացել, էլ ինչպե՞ս պետք է խոսի ինքն իր ընտրողների մասին»,-ասաց Հովհաննիսյանը։
ՔՊ խմբակցության քարտուղարի պնդմամբ՝ ընդդիմադիր ուժերի օրակարգը Հայաստանի քաղաքացիներին չի կարող համախմբել փողոցային պայքարի շուրջ։