Երևանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ, օրերս վարույթ է ընդունել Նարեկ Կարապետյանի հայցադիմումն՝ ընդդեմ Քննչական կոմիտեի։ Այս մասին փոխանցում է Փաստինֆոն։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Ալեն Սիմոնյանը մի թուղթ է հրապարակել, ըստ նրա, փաստաթուղթ՝ իբրև Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ։ ՔԿ-ն մայիսի 20-ին հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը): ՔԿ-ից առ այս պահը չեն պարզաբանել՝ արդյո՞ք նշանակվել է համակարգչատեխնիկական, դատաձեռագրաբանական փորձաքննություն՝ պարզելու Ալեն Սիմոնյանի հրապարակած ենթադրյալ փաստաթղթի իրական լինելը, արդյո՞ք այն ստեղծված չէր, օրինակ, արհեստական բանականությամբ կամ պարզապես կեղծված է, թե ոչ։ Միևնույն ժամանակ չի հստակեցվում՝ արդյոք հարցում իրականացվել է ՌԴ իրավասու մարմիններին՝ պարզելու «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, թե ոչ։ Փոխարենը ՌԴ-ից արդեն հերքումներ հնչել են․Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։ Նարեկ Կարապետյանն ինքը ևս հերքել է այդ տեղեկությունը՝ պնդելով, որ երբևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զատ որևէ այլ երկրի քաղաքացի չի եղել։ Միևնույն ժամանակ, Նարեկ Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանը հայտարարությամբ դիմեց ՔԿ-ին՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում հերքել զրպարտությունը, հակառակ դեպքում հայց կներկայացվի։
Նարեկ Կարապետյանը հայցադիմում ներկայացրել է՝ ընդդեմ Քննչական կոմիտեի՝ զրպարտությունը հերքելու և ներողություն խնդրելու պահանջով։ Զրպարտության հերքման և ներողության պահանջից զատ փոխհատուցման պահանջ է ներկայացվել՝ սիմվոլիկ «1 դրամի» չափով։
Դատարանը վերադարձրել էր հայցադիմումը՝ շտկումների, ինչից հետո հայցը կրկին ներկայացվել է և հունիսի 15-ին վարույթ ընդունվել։