Շվեյցարիայում ավարտվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի վերջնական ավարտին ուղղված բարձր մակարդակով բանակցությունները, որոնք անցել են «կառուցողական» մթնոլորտում։ Շաբաթվա ընթացքում տեղի կունենան տեխնիկական բանակցություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է բանակցություններից հետո Պակիստանի և Կատարի միջնորդների տարածած հայտարարության մեջ։
Լյուցեռնից ոչ հեռու գտնվող Բյուրգենշտոկի հանգստավայրում բանակցություններն առաջինն էին երկու երկրների նախագահների կողմից փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո և մեկնարկ տվեցին 60-օրյա դիվանագիտական գործընթացին՝ ուղղված վերջնական համաձայնագրի կնքմանը։
\«Լյուցեռնի լճի գագաթնաժողովն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Գրանցվել է խրախուսող առաջընթաց, այդ թվում՝ հետագա տեխնիկական բանակցությունների մեխանիզմի ստեղծման գործում», - նշված է միջնորդների տարածած հայտարարության մեջ։
Կողմերի միջև 60 օրով ստեղծվել է հաղորդակցության գիծ, որը պետք է օգնի խուսափել միջադեպերից և թյուրիմացություններից՝ ապահովելով Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումը։
Բացի այդ, ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են ստեղծել «հակամարտության կարգավորման բջիջ», որը կներառի Լիբանանի կառավարությունը և «կապահովի Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պահպանումը՝ ըստ փոխըմբռման հուշագրի»։
Ըստ միջնորդ երկրների՝ կողմերը պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի հանձնաժողով, որը կապահովի միջնորդության քաղաքական վերահսկողությունը։ Գլխավոր բանակցողները պարբերաբար հաշվետվություն կներկայացնեն բարձր մակարդակի հանձնաժողովին և կղեկավարեն աշխատանքային խմբերը, որոնք կենտրոնացած են միջուկային խնդրի, պատժամիջոցների, ինչպես նաև մոնիթորինգի և վեճերի լուծման վրա՝ ապահովելու փոխըմբռնման հուշագրի արդյունավետ իրականացումը։
Նաև ըստ հայտարարության՝ միջնորդ կողմերը կշարունակեն անել ամեն բան՝ ապահովելու, որ բանակցությունները շարունակվեն կառուցողական մթնոլորտում՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով։
Շվեյցարիայում բանակցություններն, այնուամենայնիվ, սկսվել էին լարված մթնոլորտում, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներ էր հնչեցրել Իրանի հասցեին։
«Իրանը պետք է անմիջապես կանգնեցնի իր բարձր վարձատրվող պրոքսիների կողմից խնդիրների ստեղծումը։ Հակառակ դեպքում մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես արեցինք անցյալ շաբաթ, միայն ավելի ուժեղ», - գրել է նա Truth Social հարթակում։
Իրանի գլխավոր բանակցող, մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել է։
«Լավ կլինի, որ նրանք զգույշ լինեն իրենց մեկնաբանություններում։ Մեր զինված ուժերը պատրաստ են այլ կերպ պատասխանելու նրանց։ Նրանք շարունակ խոսում են, այդ մենք ենք, որ գործում ենք», - գրել է նա X-ում։
Շվեյցարիայում բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Իրանական պատվիրակության կազմում են եղել Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ հանդիպումը տևել է մոտ 80 րոպե։ Պակիստանը և Կատարը հանդիպումից հետո հայտարարել են, որ տեխնիկական բանակցությունները Շվեյցարիայում այս շաբաթ կշարունակվեն ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ։
Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ փակել է Հորմուզի նեղուցը, քանի որ ԱՄՆ-ին չի հաջողվել կատարել Իսրայելի կողմից Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության ավարտի դրույթը, որը ներառված էր Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրում։