Ազատ, ժողովրդավարական և սոցիալական պետություն կառուցելու հայ ժողովրդի նպատակն ամրապնդվեց 1995 թվականին՝ ՀՀ Սահմանադրության հռչակմամբ։ Եվ այդ նպատակը նաև ամրագրվեց սևով սպիտակի վրա ու դարձավ Մայր օրենքի առանցքային կետերից մեկը։
Այս մասին գրել է «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․
«Որպես իրավական ամուր հենարան՝ մեր Սահմանադրությունն այս տարիների ընթացքում մեզ ուղղորդել է նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Այսօր և միշտ Սահմանադրության նկատմամբ հարգանքը գերակա սկզբունք է, որով այլոց համար օրինակ լինելը միմիայն պատիվ և պատասխանատվություն է։ Եվ հենց այս բարձր գիտակցումն է առաջնորդում մեզ՝ այդ օրինակը լինելու, հասարակության ընկալումներում դա խորապես դրոշմելու և այդ գիտակցումը բարձր պահելու համար։
Մայր օրենքն ամրագրում է անբեկանելին՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։ Սա է այն հիմնարար ուղենիշը, որով պետք է առաջնորդվի պետությունը, որի շուրջ պետք է ծավալվի յուրաքանչյուրիս գործունեությունը, և որը պետք է դառնա շարժիչ ուժ՝ Հայաստանն իրապես իրավական երկիր դարձնելու համար»։