ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ հիմնականում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։
«Չեմ կարծում, թե կգնայի դրան (խմբ.՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին), եթե նախագահ Էրդողանը չհյուրընկալեր այն Թուրքիայում», - ասել է ԱՄՆ ղեկավարը։
«Մարդկանց մեծամասնության համար ես չէի գնա», - հավելել է Թրամփը՝ հիասթափություն հայտնելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարողացել ակտիվորեն աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ հակամարտության ժամանակ։
«Նա (խմբ.՝ Էրդողանը) զանգահարեց ինձ և ասաց. «Խնդրում եմ, ես այն հյուրընկալում եմ Թուրքիայում, և Դուք պետք է այնտեղ լինեք։ ԱՄՆ-ն պետք է այնտեղ լինի»։ Այսպիսով, ես գնում եմ՝ նախագահ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով», - ընդգծել է Թրամփը։
Նա նաև գնահատել է այն, որ Էրդողանը չի միջամտել Իրանի դեմ հակամարտությանը։ Թրամփի խոսքով՝ Թուրքիան կարող էր մասնակցել Իրանի կողմից, քանի որ այդքան էլ լավ հարաբերություններ չունի Իսրայելի հետ, սակայն իր խնդրանքով Էրդողանը չի միջամտել։
Թրամփն այս առնչությամբ գնահատել է նաև այն, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես չեն միջամտել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտությանը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն Անկարայում տեղի կունենա հուլիսի 7-8-ը։