Հայաստանի էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հերքել է «Հրապարակ» օրաթերթի տարածած լուրը, թե իբր նախարար Գևորգ Պապոյանը «նամակ է գրել Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Անտոն Ալիխանովին և խնդրել իրեն հնարավորություն տալ մասնակցել հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին»։
Հրապարակը նաև գրել էր, թե իբր «ռուսական կողմից դեռևս պատասխան չի ստացվել»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարի մամուլի խոսնակը տարածված լուրը հերքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածված գրառմամբ։
«Այսօր մամուլում իրականությանը չհամապատասխանող հերթական տեղեկությունն է տարածվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերաբերյալ։ Մասնավորապես՝ նրա առաջիկա գործուղման մասին:
Վերջերս, Նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին:
Սա է միակ փաստը: Հրապարակման մյուս հատվածները հեղինակի կողմից ներկայացված ենթադրություններն ու գնահատականներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը։Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։ Այդ հարաբերությունների շրջանակում տարբեր մակարդակներում շփումներն ու հանդիպումները եղել են և շարունակում են մնալ աշխատանքային գործընթացի մաս։
Ուստի հորդորում եմ անձնական ցանկությունները չներկայացնել որպես փաստ և չմոլորեցնել հանրությանը»,- գրել է Շաբոյանը՝ հրապարակելով նաև ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարար Անտոն Ալիխանովի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարին ուղարկված հրավերը՝ մասնակցելու Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին։