«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ քաղաքական բռնաճնշումներն իր ընտանիքի հանդեպ շարունակվում են։
«2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների հաջորդ օրը` հունիսի 8-ին, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով հարազատ քույրիկիս՝ Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել։ Ազատման դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից»,-գրել է նա։
Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց.«Դեղերի փորձագիտական կենտրոն»-ը ՊՈԱԿ-ի առանձին կարգավիճակ ունի և նախարարությունը չի խառնվում և չի միջամտում կադրային հարցերին ու կադրային քաղաքականությանը»։
Լիլիթ Ղազարյանը, սակայն, շարունակում է պնդել եղբոր՝ Էդգար Ղազարյանի հայտարարությունը՝ իրեն ազատել են եղբոր քաղաքական հայացքների պատճառով։
«Կարծում եմ՝ եղբայրս տվել է համապարփակ տեղեկատվություն, ավելացնելու բան չունեմ։ Հարցերի համար պետք է դիմեք այն մարդկանց, ովքեր այդ գործընթացն իրականացրել են։ Ինձ ազատել են քաղաքական դրդապատճառներով, կենտրոնում ավելի քան 30 տարի աշխատել եմ։ Եղբայրս հստակ նշել է իմ կենսագրական կարևոր դրվագները»,-Aysor.am-ին ասաց Լիլիթ Ղազարյանը։
Դիտարկմանը՝ թե նախարարությունից ասում են, որ չեն խառնվում ՊՈԱԿ-ի կադրային քաղաքականությանը, Ղազարյանն արձագանքեց. «Դա կանխատեսելի էր, ինչպես գրառումից հասկացել եք, դա իրենք արել են հենց կենտրոնի տնօրենի միջոցով, որպեսզի այսօր ձեզ այդպիսի պատասխան տան։ Ամեն ինչ ուղղում են դեպի կենտրոնի տնօրեն։ Ի սկզբանե պլանն այդպիսին է եղել, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ դա նախաձեռնել է կենտրոնի տնօրենը, բայց դա իրականությանը բոլորովին չի համապատասխանում։ Ամեն ինչ ակնհայտ է և այստեղ խոսքերն ավելորդ է»։