Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի կարծիքով՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիները վերահաստատել են իրենց աջակցությունը երկրի եվրոպամետ կառավարությանը՝ ազդարարելով ռուսական ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է instagram-ի իր էջում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ տարածած տեսանյութին կից գրառման մեջ։
«Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին աջակցությունը իրենց երկրի եվրոպամետ կառավարությանը՝ ազդարարելով ռուսական ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը»,-իր գրառման մեջ նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը՝ անդրադառնալով հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնց համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կպահպանի մեծամասնությունն Ազգային ժողովում ու կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել։
Նրա խոսքով՝ ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, այնպես էլ Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հունգարիան լուրջ թիրախ են դարձել ռուսական քարոզչական արշավների, որոնք ուղղված են նրանց հասարակությունները պառակտելուն և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելուն։
«Այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրը վերջերս յուրովի է հակադարձել Ռուսաստանի ազդեցության արշավներին՝ ավելի ուժեղ դարձնելով ոչ միայն իրենց, այլև ամբողջ Եվրոպան»,-գրել է Յոհան Վադեֆուլը։