Հետևեք մեզ։

Մոսկվայում այնքան էլ չեն հասկանում, թե ինչու ՀՀ-ի ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել. Գալուզինը՝ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին

16:21, 29 հունիս 2026
Մոսկվայում այնքան էլ չեն հասկանում, թե ինչու ՀՀ-ի ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել. Գալուզինը՝ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին

ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բոլոր բարիքներից և առավելություններից: Այդ կապակցությամբ Մոսկվայում այնքան էլ չեն հասկանում, թե ինչու ՀՀ-ի ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել այդ միավորումներին անդամակցության վերաբերյալ: Այս մասին RTVI-ին տված հատուկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչպես գիտեք, ԵԱՏՄ անդամ երկրների՝ կոնկրետ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի տնտեսական անվտանգության համար առկա ռիսկերի վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնել են իմ նշած բոլոր չորս պետությունների ղեկավարները մայիսի 29-ին՝ Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում»,- նշել է Միխայիլ Գալուզինը։

Դիվանագետի խոսքով՝ մինչև դեկտեմբեր փորձագետները կմշակեն թե՛ տնտեսական, թե՛ իրավական ասպեկտները՝ կապված ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների հետ:

 

Գալուզինի խոսքով՝ ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, օրենսդրորեն ամրագրում իր այսպես կոչված եվրոձգտումները՝ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բոլոր բարիքներից և առավելություններից։

«Իմ կարծիքով, անցյալ տարվա ապրիլին Հայաստանում ընդունված օրենքը կոչվում է «Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին»: Ի՞նչ է մեզ ձեզ հետ ևս պետք, որպեսզի արձանագրենք, որ Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը սկսված է. ընդունվել է հատուկ օրենք այդ թեմայով: Եվ ես այստեղ այլ մեկնաբանություններ չեմ տեսնում»,- ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը այն հարցի վերաբերյալ, որ Հայաստանը դեռևս պաշտոնական հայտ չի ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար և չունի թեկնածուի կարգավիճակ:

«Ընդհանուր առմամբ, այն հարցը, թե կոնկրետ ինչ գործողություններ են ձեռնարկվել, սկզբունքային նշանակություն չունի: Սկզբունքային նշանակություն ունի այն, որ կա խորհրդարանի ընդունած և երկրի նախագահի ստորագրած օրենք: Եվ կան Հայաստանը Եվրամիությանը մոտեցնելու գործնական քայլեր»,- եզրափակել է Միխայիլ Գալուզինը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները