Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2023 թվականի մայիսի 11-ին ընդունված N 701-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և Վարչական դատավարության օրենսգիրք 83 հոդվածի 1-ին մասով կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը:
Սա ենթադրում է, որ թատրոնը չի փակվի մինչև Վարչական դատարանի հիմնական դատական ակտի կայացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասացին թատրոնի ներկայացուցիչը, փաստաբանն ու թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել էր մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը պետք է կրճատվեր, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, գործունեություն ծավալեր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:
Թատրոնի անձնակազմն ի սկզբանե դեմ էր նախագծին՝ համարելով, որ նման կերպ միտում կա դադարեցնել թատրոնի գործունեությունը։
Նախարարությունը նախագիծը ներկայացրել էր ՀՀ կառավարություն: ՀՀ կառավարության՝ մայիսի 11-ին անցկացված նիստում որոշում էր կայացվել «Գոյ» թատրոնը միացնել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։