Հետևեք մեզ։

ՍԴ-ում ընթացող գործընթացն ու ամբողջ համակարգին ուղղված մեղադրանքները ԿԸՀ քարտուղարն անթույլատրելի երևույթ է համարում՝

17:02, 01 հուլիս 2026
ՍԴ-ում ընթացող գործընթացն ու ամբողջ համակարգին ուղղված մեղադրանքները ԿԸՀ քարտուղարն անթույլատրելի երևույթ է համարում՝

Հայաստանի ԿԸՀ էլեկտրոնային համակարգին արտաքին որևէ միջամտություն անհնար է։ Սահմանադրական դատարանի նիստում՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական ուժերի ներկայացրած հայցի քննության ժամանակ, իր եզրափակիչ ելույթում այս մասին հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Սմբատյանը, ում ելույթի համար մեկ ժամ էր հատկացվել, հայտնել է, որ ԿԸՀ-ն հունիսի 14-ից հանձնաժողովի կայքում հրապարակել է վերջնական տվյալները, ապա բավականին մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի գործառույթներն ու ձայների հաշվարկի ընթացքը։ Նա հավաստիացրել է, որ արտաքին որևէ միջամտություն բացառված է, ինչն ապացուցվում է բազմաթիվ կիբեռհարձակումների պայմաններում համակարգի անխոցելիությամբ։

Միևնույն ժամանակ, նա հնարավոր է համարել մարդկային գործոնն ու տվյալների մուտքագրման ժամանակ թույլ տրված սխալները, քանի որ մարդիկ աշխատել են շուրջօրյա ռեժիմով և հոգնած են եղել։ Սմբատյանը նույնիսկ նման մի սխալի օրինակ է բերել, երբ տվյալների ներմուծման ժամանակ տողեր են շփոթել. ԿԸՀ-ն ընդունում է այդ սխալը և ուղղել է այն, սակայն դա վերաբերել է ոչ թե կոնկրետ որևէ ուժի, այլ բոլորին։ Նախնական և վերջնական տվյալների միջև հնչած համեմատությունները Սմբատյանը համարում է անտեղի և անիմաստ։

ԿԸՀ քարտուղարի խոսքով՝ 637 ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ է իրականացվել, և անհասկանալի է, թե ինչու են դրա արդյունքները բացասական լույսի ներքո ընկալվում։ Նա վստահեցրել է, որ երբ ԲՀԿ ներկայացուցիչն իրեն է դիմել ընդամենը մեկ քվեաթերթիկի հարցով, ԿԸՀ-ն բոլոր ջանքերը գործադրել է խնդիրը կարգավորելու համար։

Ընդհանուր առմամբ, ՍԴ-ում ընթացող գործընթացն ու ամբողջ համակարգին ուղղված մեղադրանքները Սմբատյանն անթույլատրելի երևույթ է համարում՝ ինչպես և եղած ձեռքբերումները զրոյացնելու փորձերը։ Դրան զուգահեռ՝ նա կշտամբել է հայցվորներին ամենատարբեր տվյալներ ստանալու լայն հնարավորություններ ունենալու համար։

Անդրադառնալով 27 հազար ձայների տարբերությանը (340 ընտրատեղամասերում ստորագրությունների թվի և մասնակիցների միջև առկա տարբերությանը, ինչի մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը)՝ Սմբատյանը նշել է, որ այդ տեղամասերում ԿԸՀ-ն իրականացրել է նույն գործողությունները, ինչ դաշինքը։ 100 տեղամասերում դա հնարավոր չի եղել անել, քանի որ այնտեղ քվեարկել են կա՛մ զինվորականները, կա՛մ կալանավորները։ Մնացած տեղամասերում տարբերությունը եղել է չնչին՝ պատիկներով ավելի քիչ, քան հայտնում է դաշինքը, հավաստիացրել է ԿԸՀ քարտուղարը։ Ավելին, Սմբատյանը վստահեցրել է, որ ցանկացած քաղաքացի կարող էր տեղամասային հանձնաժողովից խնդրել նույնականացման սարքի «ամփոփիչ կտրոնը» և սպառիչ տվյալներ ստանալ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների վերաբերյալ։

Խոսելով զինվորականների քվեարկության թեմայի մասին՝ նա հայտնել է, որ քվեարկող զինծառայողների վերաբերյալ տվյալները կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով, որ բանակը կենդանի օրգանիզմ է, իսկ վերջին փոփոխություններն արձանագրվում են ընտրություններից երեք օր առաջ։

«Խնդրում և կոչ եմ անում ակնածանքով ու խնամքով վերաբերվել ընտրական ինստիտուտին»,- դիմելով նիստի մասնակիցներին՝ եզրափակել է Սմբատյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները