Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը ցեղասպանության հրահրում է որակել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները, թե Իսրայելը իր քաղաքականության պատճառով միջազգային հանրության համար «խնդիր» է դարձել։
Երեկ Ֆիդանը CNN Turk-ին ասել է, որ Իսրայելը և նրա ժողովուրդը «իրենց քաղաքականությամբ և մտածելակերպով դարձել են բեռ, որը մարդկությունն այլևս չի կարող կրել»։
«Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի զզվելի խոսքերը ցեղասպանության հրահրման դասական օրինակ են։ Հրեա ժողովրդին անմարդկայնացնելը և նրանց «անտանելի բեռի» հետ նույնացնելը պատմության ամենավատ և արյունալի ռեժիմների դասական, սարսափելի լեզուն է։ Քաղաքակիրթ աշխարհը և Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է միանշանակ դատապարտեն Իսրայելի ոչնչացման այս հստակ կոչը», - գրել է Սաարը X-ում։
Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարացել են 2023 թվականի վերջին՝ հրեական պետության կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունից հետո։ Երկրները հետ են կանչել իրենց դեսպաններին և կասեցրել առևտրային հարաբերությունները։ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը մշտապես քննադատում է Իսրայելին տարածաշրջանում իր քաղաքականության համար։