Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղ ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու՝ դանակահարված վիճակում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե որտեղ են նրանք դանակահարվել։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։