Հետևեք մեզ։

Քաղաքում խցանումների հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդատար ավտոմեքենաների թվի աճը. Ավինյան

12:28, 06 հուլիս 2026
Քաղաքում խցանումների հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդատար ավտոմեքենաների թվի աճը. Ավինյան

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պարբերաբար հրապարակել երթևեկության կառավարման կենտրոնի հավաքագրած տվյալներն ու ներկայացնել մայրաքաղաքում իրականացվող և նախատեսվող տրանսպորտային ծրագրերը։ Քաղաքում խցանումների հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդատար ավտոմեքենաների թվի աճը, իսկ խնդրի լուծման հիմնական ուղղությունը դիտարկվում է հանրային տրանսպորտի առաջնահերթության ապահովումը։

Այդ մասին գործակարգավարական նիստի ընթացքում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Անհրաժեշտ է, որ քաղաքացիները տեղեկացված լինեն ինչպես իրականացվող փոփոխությունների, այնպես էլ այն լայնածավալ ծրագրերի մասին, որոնք ուղղված են քաղաքում երթևեկության կազմակերպման բարելավմանը և խցանումների նվազեցմանը։

Հանրությանը կներկայացնենք կոնկրետ իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, որոնք նպատակ ունեն նվազեցնել երթևեկության խտությունը»,– նշել է քաղաքապետը։

Առաջնահերթ ուղղություններից են առանձին խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխությունները, սակայն հիմնական շեշտը դրվում է հանրային տրանսպորտի համակարգի ապահովման վրա։

Նա ընդգծել է, որ կարևոր նշանակություն ունեն նաև Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի հավաքագրած տվյալները, որոնք պարբերաբար պետք է դառնան հրապարակային հաշվետվությունների մաս՝ քաղաքացիներին ներկայացնելու առկա իրավիճակի իրական պատկերը։

Ըստ Երևանի քաղաքապետի՝ խցանումների հիմնական պատճառը մարդատար ավտոմեքենաների թվի շարունակական աճն է, ինչը նաև ազդում է հանրային տրանսպորտի արդյունավետ աշխատանքի վրա։ Նրա գնահատմամբ՝ առանց համակարգային փոփոխությունների՝ ավտոմեքենաների թվի աճը կարող է էլ ավելի խորացնել խցանումների խնդիրը, ուստի անհրաժեշտ են փուլային և տրամաբանական լուծումներ։

Քաղաքային զարգացման  ծրագրերում ներառված են արհեստական բանականությամբ կառավարվող լուսացույցների ներդրումը, ինչպես նաև հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը։

Միաժամանակ, Ավինյանը նկատել է, որ հնարավոր սահմանափակումների վերաբերյալ քննարկումները պետք է դիտարկվեն միայն այն դեպքում, երբ քաղաքացիների համար ապահովված լինեն հստակ և արդյունավետ այլընտրանքներ։«Եթե որևէ նոր կանոնակարգ կամ սահմանափակում պետք է կիրառվի, ապա նախ պետք է ապահովել, որ հանրային տրանսպորտը լինի ավելի արագ և արդյունավետ, քան սեփական մեքենայով տեղաշարժը։ Միաժամանակ, անհրաժեշտ է զարգացնել նաև կայանատեղիների համակարգը քաղաքի մուտքերում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան փոխել իրենց տեղաշարժման եղանակը»,- նշել է քաղաքապետը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները