Հետևեք մեզ։

Ռուսաստանն ակնկալում է, որ ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվելիք կառավարությունը կզարգացնի ՌԴ-ի հետ հարաբերությունները

17:26, 06 հուլիս 2026
Ռուսաստանն ակնկալում է, որ ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվելիք  կառավարությունը կզարգացնի ՌԴ-ի հետ հարաբերությունները

Մոսկվան ակնկալում է, որ ընտրություններից հետո Հայաստանի ձևավորվելիք կառավարությունը կապահովի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը բարեկամության և բարիդրացիության ոգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ակնկալում ենք, որ քվեարկությունից և ընտրություններից (խմբ. նկատի ունի ՀՀ-ում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները) հետո ձևավորվելիք նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջադեմ զարգացումը բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հաշվառման ոգով»,-ասել է Ռուսաստանի վարչապետը։

Միխայիլ Միշուստինը նաև նկատել է, որ Եկատերինբուրգ կատարած այցը Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն էր Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո։

Ռուսաստանի վարչապետը նաև հավելել է Հայաստանի կողմից ռուս ներդրողների համար հարմարավետ միջավայր ստեղծելու շարունակական կարևորությունը։

«Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի ռուս ներդրողների համար հարմարավետ միջավայր ստեղծել և ապահովել, որ նրանց իրավունքներն ու օրինական շահերը հարգվեն»,-ասել է Միխայիլ Միշուստինը։

Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Եկատերինբուրգում «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստանալու է մեծամասնություն ու ձևավորելու է կառավարություն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ ՔՊ-ն նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 64, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները