Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջապես հասկացավ, որ չի հաղթի այս պատերազմում։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է BelTA-ն։
«Դրանով է պայմանավորված այն վերջնագիրը, որը Ուկրաինայի նախագահը ներկայացրել է Արեւմուտքին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցության վերաբերյալ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Շոլցն անդրադարձել է Ուկրաինայի` ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հայտարարություններին։ Նա ասել է. «Ուկրաինան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ իր տարածքում հակամարտություն է»։
Նշենք, որ Զելենսկու գրասենյակից հայտնել էին, որ երկրի նախագահը չի գնա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե դաշինքի երկրների ղեկավարները «քաջություն չունենան» իրենց շարքերը հրավիրել Ուկրաինային։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ եթե երկիրը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի հրավեր չստանա, ապա դա կնվազեցնի ուկրաինական զորքերի մոտիվացիան։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում կանցկացվի հուլիսի 11-12-ը։