ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Ֆրանսիան իրեն վարկաբեկել է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդ։
Հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում Զախարովան զարմանք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների առնչությամբ, ով հունիսի 28-ին Մարսելում ասել էր, որ «ավելի շատ ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, և որ նա միակ առաջնորդն է, որը հստակ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում».
Զախարովայի խոսքով, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Մակրոնի միջնորդական ջանքերի գործնական արդյունքներ չկան։ Ըստ նրա՝ այս բոլոր ցուցադրական քայլերը ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս մղելուն և սեփական քաղաքական, իսկ երբեմն նաև նախընտրական նպատակների իրականացմանը։
«Դրանք ոչ միայն դրական ազդեցություն չեն ունեցել բանակցային գործընթացի վրա, այլ, ընդհակառակը, ամբողջությամբ վարկաբեկել են Ֆրանսիայի՝ որպես միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- կարծում է ռուս դիվանագետը։