Հետևեք մեզ։

Ստեփանակերտն անընդունելի է համարում Արցախի նկատմամբ Բաքվի սպառնալիքները ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից անարձագանք թողնելը

21:12, 06 հուլիս 2023
Ստեփանակերտն անընդունելի է համարում Արցախի նկատմամբ Բաքվի սպառնալիքները ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից անարձագանք թողնելը

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին՝ անընդունելի համարելով, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո 2020 թվականի պատերազմից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ ուշադրության և արձագանքի թողնեն Ադրբեջանի սպառնալիքները:

 

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, հայտարարության մեջ նշված է. «Վերջին շրջանում Ադրբեջանի պետական ​​կառույցներն ու կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցները լայնածավալ ապատեղեկատվական արշավ են սկսել՝ նպատակ ունենալով մոլորեցնել միջազգային հանրությանը և պատրվակ ստեղծել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ նոր ագրեսիայի համար։ Արցախի Պաշտպանության բանակի մասին հորինելով և առաջ մղելով կեղծ խոսույթներ՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը և ձգտում է նրան զրկել սեփական անվտանգության ապահովման բոլոր միջոցներից և հնարավորություններից, այն էլ՝ Բաքվի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ մշտական սպառնալիքների և ռազմական սադրանքների պայմաններում։

 

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն արցախյան կողմից հրադադարի խախտում երբեք չի արձանագրել՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր դիրքերը գնդակոծելու մասին կեղծ մեղադրանքներ ներկայացնել Արցախի Պաշտպանության բանակի հասցեին և միևնույն ժամանակ սաստկացնել ագրեսիվ ու ռազմատենչ հռետորաբանությունը՝ դրանով իսկ տեղեկատվական և քարոզչական հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի համար: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն մերժել առաջարկները՝ Արցախ, այդ թվում՝ Լաչինի միջանցք ուղարկել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանա տեղում գնահատել իրավիճակը և միջազգային հանրությանը ներկայացնել իրականության օբյեկտիվ պատկերը:

 

Արցախի նկատմամբ նման անթաքույց ռազմաքաղաքական շանտաժը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, տրանսպորտային և էներգետիկ ամբողջական շրջափակումը, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետի ապօրինի տեղադրումն անընդունելի են և հանդիսանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման կոպիտ խախտում։

 

Ակնհայտ է, որ Ադրբեջանի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները նպատակ ունեն նաև թույլ չտալ, որ ստեղծվեն պայմաններ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի և կողմերի միջև հավասարության ու բարեխղճության վրա հիմնված կառուցողական երկխոսության վերսկսման համար:

 

Լիակատար անպատժելիությունից և ամենաթողությունից ոգևորված՝ Ադրբեջանի իշխանությունները հաշվի չեն առնում միջազգային հանրության ոչ մի կոչ ու հայտարարություն՝ ապակառուցողական գործողությունների անթույլատրելիության և բոլոր վիճելի հարցերը կառուցողական երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին։ Այս առումով անընդունելի ենք համարում, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո 2020 թվականի պատերազմից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ ուշադրության և արձագանքի թողնեն Ադրբեջանի սպառնալիքները:

 

Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ միջազգային հանրության պատասխանատու անդամները և, մասնավորապես, խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր դերակատարները չպետք է անտեսեն և առավել ևս՝ որոշակի հայտարարություններով խրախուսեն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտումները, Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, որը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի գործողությունների պատշաճ և միանշանակ քաղաքական գնահատականը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանի միջազգայնորեն հակաիրավական գործողությունների կանխմանն ուղղված հստակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը թույլ կտան պայմաններ ստեղծել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար»։