Մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ, բանակցություններում կողմերին պետք է թողնել ճկունության տեղ, եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, ապա նա ունի երկու տարբերակ՝ կամ ճանաչում է այն, ինչ ուզում ես, կամ պատերազմ է հայտարարում: Ո՞րն է հավանական: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Հայաքվեի նախագծի ընդունման պարագայում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին, միջազգային հանրությանն ասելու է, որ ՀՀ-ն միջամտում է իր հարցերին: Ադրբեջանը ձեռքերը շփելով և ժանիքները սրած սպասում է, որ այդ նախաձեռնությունը ունենա հաջողություն, նա երազում է այդ մասին»,-ասել է Պապոյանը՝ խոսելով «Հայաքվե»-ի մասին:
Դիտարկմանը, որ այնպես չէ, որ Ադրբեջանը «Հայաքվե» նախաձեռնությունից առաջ չի խոսել հարցերը ուժով լուծելու մասին, Պապոյանը արձագանքել է.
«Ադրբեջանում խոսում են Արցախի դեմ երրորդ պատերազմի մասին, առիթներ են փնտրում, բայց նման գործողություն եթե անենք, ոչ միայն Արցախի դեմ, այլ նաև Հայաստանի դեմ պատերազմի առիթ ենք տալու: Այս նախաձեռնությունը պատերազմի հրձիգ է»:
Դիտարկմանը՝ բանակցություններն էլ որևէ արդյունք չեն տալիս, Ադրբեջանը շարունակում է խոսել ռազմական հռետորաբանույամբ, Պապոյանը պատասխանել է.
«Համաձայն եմ, սողացող ինչ-որ բաներ կան, բայց քանի դեռ խոսում է, բայց դեռ չի անցել ռազմական գործողությունների, նշանակում է, որ բանակցություններն այդքանով ադյունավետ են»: