Ա.Ա.-ն, զբաղեցնելով «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը, 2015 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ում դաստիարակի մեկ դրույք ազատ հաստիքի մասին, պաշտոնական կեղծ փաստաթղթերով իր ծանոթ Լ.Ս.-ին ձևակերպել է նշված հաստիքին:
Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ի և ՊՈԱԿ-ի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լ.Մ.-ի ու քաղաքացի Լ.Ս.-ի օժանդակությամբ, օգտագործելով ՊՈԱԿ-ի տնօրենի կնիքը, 2015 թվականի սեպտեմբերի 10-ին ՊՈԱԿ-ի տնօրենի անունից ստորագրել է հրաման և աշխատանքային պայմանագիր, որով Լ.Ս.-ին ընդունել է աշխատանքի՝ որպես դայակ, իսկ 2018 թվականի հունվարի 12-ին տնօրենի անունից ստորագրել է հրաման՝ Լ.Ս.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:
Նշված ժամանակահատված Լ.Ս.-ն աշխատանքի չի հաճախել, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լ.Մ.-ն, տեղյակ լինելով այդ մասին, 2015 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2018 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, աշխատակիցների ամենամսյա աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերում ներառել է Լ.Ս.-ի կողմից յուրաքանչյուր ամիս աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ, ստորագրել, հաստատել է դրանք և հանձնել ՊՈԱԿ-ի տնօրենին: ՊՈԱԿ-ի տնօրենը, տեղեկացված չլինելով Լ.Ս.-ի կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու մասին՝ իր ստորագրությամբ և ՊՈԱԿ-ի կնիքով հաստատել է դրանք և հանձնել հաշվապահություն, որի հիման վրա գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ն, տեղյակ լինելով Լ.Ս.-ի կողմից աշխատանքի չհաճախելու մասին, Լ.Ս.-ի անվամբ դուրս է գրել 2 մլն 797 հազար 529 դրամ՝ որպես աշխատավարձ, արձակուրդային և աշխատավարձին հավասարեցված այլ վճարներ: Գումարը փոխանցվել է Լ.Ս.-ի անվամբ բացված, սակայն ի սկզբանե Ա.Ա.-ի կողմից փաստացի տնօրինվող բանկային քարտերին, ով նույն ժամանակահատվածում մաս-մաս կանխիկացրել և այդ կերպ յուրացման եղանակով հափշտակել է Լ.Ս.-ի անվամբ ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից փոխանցված 2 մլն 797 հազար 529 դրամը:
Բացի այդ, ՊՈԱԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր ընկերություններից ձեռք է բերվել 1 մլն 445 հազար 307 դրամի ամանորյա միջոցառումների կազմակերպման համար նախատեսված նվերներ և սննդամթերք, որոնք ՊՈԱԿ-ի աշակերտներին չեն հատկացվել:
Նույն ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք է բերվել նաև 2 մլն 325 հազար 500 դրամի տարբեր տնտեսական և կենցաղային ապրանքներ: Տնօրենի տեղակալ Ա.Ա.-ն, ի պաշտոնե պատասխանատու լինելով գույքի պահպանման համար, ձեռք բերված ապրանքները ՊՈԱԿ-ի պահեստ չի մուտքագրել և յուրացման եղանակով հափշտակել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին մատակարարված, իրեն վստահված խոշոր չափերով՝ 3 մլն 770 հազար 807 դրամի ապրանքները:
Բացի այդ, Ա.Ա.-ն «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի համար կազմել է բենզինի դուրսգրման պահանջագրեր և ուղեթերթիկներ, դրանցում ներառել է կեղծ տվյալներ՝ իբրև նշված ավտոմեքենայով 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 18-ը ՊՈԱԿ-ի աշակերտներին մարզեր են տեղափոխել: Արդյունքում, ՊՈԱԿ-ի միջոցներից դուրս է գրել 2 մլն 45 հազար 500 դրամին համարժեք բենզին, այդ կերպ հափշտակել նշված գումարը:
2023 թվականի հունիսի 2-ին դատախազի կողմից որոշում է կայացվել ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով ուրիշի գույքը յուրացնելը կամ վատնելը), 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը): ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ին ներկայացվել է մեղադրանք:
Նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա.Ա.-ի կողմից ՊՈԱԿ-ին պատճառված 8 մլն 613 հազար 836 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
2023 թվականի հունիսի 27-ին քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: