Հետևեք մեզ։

Գերմանական հետախուզությունը կարող էր լսել Լուկաշենկոյի և Պրիգոժինի խոսակցությունը. այն նախապես իմացել է ապստամբության փորձի մասին

23:18, 07 հուլիս 2023
Գերմանական հետախուզությունը կարող էր լսել Լուկաշենկոյի և Պրիգոժինի խոսակցությունը. այն նախապես իմացել է ապստամբության փորձի մասին

Գերմանական ARD հեռուստաալիքը պնդում է, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության աշխատակիցները հունիսի 24-ին՝ ապստամբության փորձի օրը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի «կարևոր խոսակցության վկաներն են եղել»։

Ավելին, ինչպես պարզել են լրագրողները, գերմանական հետախուզությունն ամերիկացի գործընկերներից տեղեկություն է ստացել Վագների համապատասխան գործողությունների մտադրության մասին, սակայն չի կարողացել ինքնուրույն կրկնակի ճշգրտել ապստամբության մասին տեղեկատվությունը։

 

Ըստ լրագրողների՝ գերմանական հետախուզության աշխատակիցները, ամենայն հավանականությամբ, նույնիսկ հետևել են Պրիգոժինի և Լուկաշենկոյի բանակցություններին։

 

Բացի այդ, գերմանական հետախուզությունը չի բացառել հունիսի 23-24-ի իրադարձություններից մոտ մեկ շաբաթ առաջ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադրի կողմից ապստամբության հնարավորությունը և փորձել է այդ տեղեկությունը լրացուցիչ ճշգրտել գործընկերների հետ։

 

Քանի որ հնարավոր չի եղել հաստատել այս տեղեկությունը, հետախուզական ծառայությունը դաշնային կանցլերի գրասենյակին նախապես չի տեղեկացրել Ռուսաստանում հնարավոր ապստամբության մասին։ Արդյունքում, հետախուզությունը Գերմանիայի կառավարությանը ծանուցել է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին միայն հունիսի 23-ի երեկոյան, երբ իրականում սկսվել էր ապստամբության փորձը։