Հիմա, երբ ստորագրահավաքի 7 շաբաթներից առաջինն անցել է, կարող ենք մոտավորապես ամփոփել արդյունքները: Այս մասին այսօր մամլո ասուլիսում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Մեկ շաբաթվա մեջ գործարկեցինք 12 քվերկության կետ Երևանում և 14 քվերկության կետ մարզերում: Շատ մեծ հանրային դիսկուրս է սկսվել, իշխանությունների և իշխանության սատելիտների կողմից սկսվեց հակազդեցությունը: Միանգամից ամենասև, ամենակեղտոտ, նսեմ մեթոդներով է հակազդում այս իշխանությունը: Երեկ ես մի գրառում եմ տեսել, նկարված է Նաիրի Հունանյանը և գրված է.«Սա է «ՀայաՔվեի» դեմքը»։ Անձամբ ես աշխատել եմ Վազգեն Սարգսյանի կառավարությունում, հայրս աշխատել է Վազգեն Սարգսյանի հետ՝ ՊՆ-ում, ո՞նց կարող է Նաիրի Հունանյանը լինել «ՀայաՔվեի» դեմքը, մենք ենք «ՀայաՔվեի» դեմքը: Ու այն սրիկաները, որոնք ուզում են ցեխ շպրտել «ՀայաՔվե»-ի վրա, ես համոզված եմ, որ «ՀայաՔվե»-ն իրենց կուղարկի պատմության աղբանոցը»,- ասաց Չալաբյանը և հավելեց, որ «ՀայաՔվե»-ն բացարձակ նոր նախաձեռնություն է և իրենից ներկայացնում է քաղաքացիական հայտ: